Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը չի հրաժարվի պատգամավորի աթոռից (թարմացված)

Հովիկ Աբրահամյանը չի հրաժարվի պատգամավորի աթոռից (թարմացված)

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը րոպեներ առաջ ընթերցեց հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ նրա հեռանալու մասին հայտնի էր դարձել դեռևս 10 օր առաջ: Նա նշանակվելու է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

«Դուք արդեն գիտեք, որ գալիք ընտրություններում ես գլխավորելու եմ Հանրապետական կուսակցության շտաբը և արդեն իսկ հայտարարել եմ, որ այդ կարևոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել ԱԺ նախագահի իմ լիազորությունները», – ներկայացնելով իր հրաժարականը` ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով` 2008 սեպտեմբերի 29-ին ընտրվելով ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, ինքը հայտարարել էր, որ ԱԺ-ի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, իսկ Խորհրդարանը` հասանելի հասարակության համար:

«Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը և սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը», – ասել է ԱԺ նախագահը:

Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին համատեղ աշխատանքի, ինչպես նաև քննադատությունների համար` նկատի ունենալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Ստեփան Սաֆարյանին: Վերջինս, ելույթ ունենալով Աբրահամյանի` դահլիճը լքելուց հետո, հիշեցրել է, որ երեք տարի առաջ «Ժառանգությունը»` որպես խորհրդարանական ընդդիմություն, չսատարեց Աբրահամյանի թեկնածությունը և որ անցած ժամանակաշրջանում իր կուսակցության և Աբրահամյանի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են եղել:

Այնուամենայնիվ, Սաֆարյանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին համատեղ աշխատանքի համար:

Նշենք, որ Աբրահամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր  պատգամավորական պարտականություններից: