Home / Հայաստան / Վրաստանը պետք է խաղի կանոններ առաջադրի տարածաշրջանի համար. Սահակաշվիլի

Վրաստանը պետք է խաղի կանոններ առաջադրի տարածաշրջանի համար. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանին հասցված տնտեսական հարվածը իրականում երկրի հզորացման համար խթան է հանդիսացել: Սահակաշվիլին նման հայտարարությամբ է հանդես եկել նոյեմբերի 15-ին Թբիլիսիում կայացած «Վրաստանի Բանկի» գլխավոր գրասենյակի բացման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը:

Վրաստանի առաջնորդի խոսքով` իր երկիրը կարողացել է սեփական ուժերով և միայնակ հաղթահարել Ռուսաստանի կողմից ստեղծված արհեստական դժվարությունները: «Այժմ Վրաստանը պետք է դառնա տնտեսության կենտրոն, անկախ խաղացող լինի, որն ինքնուրույն կորոշի իր ապագան, չափանիշներ և խաղի կանոններ կառաջադրի ողջ տարածաշրջանի համար», – ընդգծել է Սահակաշվիլին:

Նա միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է «որսալ Ռուսաստանից փախչող կապիտալը»:

«Կապիտալը փախչում է Ռուսաստանից, և այլ կերպ չէր էլ կարող լինել», – ասել է Վրաստանի նախագահը: Նրա կարծիքով` այդ կապիտալը պետք է Վրաստան փախչի, որովհետև երկրում գրավիչ ներդրումային մթնոլորտ և արդյունավետ պետական վարչակազմ կա:

«Մենք պետք է մեծ ցանցով կանգնենք սահմանին և որսանք Ռուսաստանից փախչող կապիտալը», – հայտարարել է նա: