2012 թվականի Հայաստանի պետբյուջեն ավելի կխրախուսի արտագաղթը, այն, ըստ էության, կլինի արտագաղթի բյուջե: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Նա նշել է, որ 2012-ի բյուջեում հօգուտ ժողովրդի վերաբաշխում տեղի չի ունենում, քանի որ բոլոր տեսակի հարկերը խոշոր հարկատուների վրա կազմում են 2-2,5 միլիարդ դրամ, իսկ միայն գնաճի հետևանքով ավելացված արժեքը ժողովրդի վրա կազմելու է 50 միլիարդ դրամ:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ և հրավիրում եմ և’ Սերժ Սարգսյանի, և’ ՀՀԿ-ի ուշադրությունը. լսեք, ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ խոշոր հարկատուների, հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: Այսինքն` 2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար, աղքատացումը շարունակվելու է», – ասել է Բագրատյանը:
Խոսելով նաև տնտեսական աճի մասին` Հրանտ Բագրատյանն ասել է, որ տարեկան մինչև երեք տոկոս բնակչության նվազման դեպքում, ինչը բերում է նաև սպառման պակասեցման, որևէ ռեալ աճի մասին խոսել հնարավոր չէ:
«Նորից եմ օգտագործում առիթը և զգուշացնում եմ, ես լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, մինչև չկործանի, չի գնա, որևէ բան կառուցող չի: Խորհուրդ եմ տալիս ՀՀԿ-ին հետևություններ անել: Գուցե, նա ֆռռացրել է այդ կուսակցությանը: Չի կարելի գնալ ընտրությունների` գոնե չնչին բան չխոստանալով մարդկանց, գոնե խոստանալով, որ չի վատանա: Ընդհակառակը, մոտենում են, ասում են` վատանալու է: Սա արդեն որոշակիորեն իր մեջ պարունակում է ցինիզմի էլեմենտներ. այսինքն` կառավարությունը գալիս է և ասում է` չեմ էլ փորձելու որևէ բան անել», – ասել է Բագրատյանը:
Նախկին վարչապետը նշել է, որ չի ցանկանում անհամեստ թվալ, բայց եթե այս բյուջեում որևէ բան էլ կա, դա ընդդիմության ասածն է: Մանսավորապես, հիշեցնելով հոկտեմբերի 28-ի հանրահավաքին հնչեցրած իր ելույթը, Բագրատյանը նշել է.
«Ես միտինգին հայտարարում եմ, որ պետք է անցնենք պրոգրեսիվ եկամտահարկի ինքը (վարչապետը – խմբ.) հայտարարում է, որ անցնում ենք պրոգրեսիվ եկամտահարկի և աղճատված կիրառում են մեր ասածը: Այդ մարդկանցից պետք է ազատվել, և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- հավելել է Հրանտ Բագրատյանը: