Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ Երևանի կյանքը կազմակերպելու գործում և տեղական ինքնակառավարման բնագավառում, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` Մարգարյանն Ավանում իրեն դրսևորել էր որպես համայնքի հմուտ և հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը:
«Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի և «Մարգարյան» անվան հանդեպ: Տարո՛ն, դու մեզ ու քո բոլոր համաքաղաքացիներիդ հուսախաբ անելու իրավունք չունե՛ս: Մենք բոլորս քո կողքին կանգնած ենք և մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու և սատարելու: Բայց, ինչպես հայտնի է, օժանդակությունն ու աջակցությունը շատ լավ բաներ են, սակայն յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը, ինքը պետք է լավ աշխատի: Անհրաժեշտ է ձևավորել համախոհների մեծ թիմ և շարունակել լուծել Երևանի առջև ծառացած բոլոր ժամանակների համար ամենակարևոր խնդիրը՝ թեթևացնել երևանցիների հոգսերը և Երևանը դարձնել ավելի հարմարավետ երևանցիների և մեր հնագույն մայրաքաղաքի հյուրերի համար» , – ասել է Սերժ Սարգսյանը: