Home / Հայաստան / Հայաստանում համաճարակային հիվանդությունների առումով վիճակը կայուն է. մասնագետ

Հայաստանում համաճարակային հիվանդությունների առումով վիճակը կայուն է. մասնագետ

Այս պահին Հայաստանում համաճարակային հիվանդությունների առումով առկա է համեմատաբար կայուն վիճակ:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով` ՀՀ-ում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների համաճարակը սկսվում է հոկտեմբերի առաջին օրերին և ավարտվում է ուշ գարնանը: Լիանա Թորոսյանը տեղեկացրել է, որ իրենք յուրաքանչյուր շաբաթ դիտարկում են   իրականացում և ամփոփ տվյալները ներկայացվում են նախարարին, որից հետո   վերլուծությունների հիման վրա որոշվում է` արդյոք վիճակը համաճարակային է, թե ոչ:

«Այս շաբաթվա կտրվածքով սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը Հայաստանում կազմում է 3000-3500 դեպք: Դա պաշտոնական վիճակագրությունն է, հաշվառված են այն մարդիկ, ովքեր դիմել են բուժօգնության համար: Սուր շնչառական վարակները պայմանավորված են եղանակային պայմաններով, մրսածության մակարդակով: Այս հիվանդություններն առաջանում են ջերմաստիճանի նվազման, փակ տարածքներում շփման և վատ օդափոխության հետևանքով: Այս տարի մենք ունենք հիվանդացության նույն մակարդակը, ինչ անցյալ տարի», – ասել է  Լիանա Թորոսյանը:

Նա նաև խորհուրդ է տվել հիվանդության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և ծանոթ-բարեկամների խորհրդով սուր շնչառական վարակների դեպքում  չօգտագործել անտիբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում, իսկ երեխաների հիվանդ լինելու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես հրավիրել մանկաբույժին:

 

Լիանա Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որոշվել է պատվաստումներ իրականացնել խոցելի խմբերի շրջանում: Այդ խմբերն են թերապևտները, բուժքույրերը, շտապօգնության անձնակազմը, մարդիկ որոնք մշտապես շփվում են հիվանդների հետ:

Պատվաստվելու են նաև  մանկատան երեխաները, ծերանոցների ծերերը, դպրոց-ինտերնատների երեխաները, որոնց մոտ իմունիտետը համեմատաբար թույլ է: Այս ծրագիրն իրականացվում է  պետպատվերի շրջանակներում: