Բողոքի ալիքների շարքը Եգիպտոսում շարունակվում է. նախօրեին զանգվածային ցույցերի արդյունքում երկրում փոխվել է կառավարությունը, իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է դարձել արտասահմանցի իգական սեռի լրագրողների համար:
Կահիրեում հաճախակիացել են արատասհմանցիների բռնաբարությունները: Այս կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցնել կին լրագրողների գործուղումը Եգիպտոս, գրում է The Guardian-ը:
Հինգշաբթի Կահիրեում բռնաբարվել և ծեծի է ենթարկվել 44-ամյա լրագրող Մոնա ատ-Տախավին:
Միևնույն օրը սեռական ոտնձգության զոհ է դարձել ֆրանսուհի լրագրող Կարոլին Սինզը: France 3 հեռուստաալիքի լրագրողը հարձակման է ենթարկվել մի խումբ պատանիների կողմից Թահրիր հրապարակի մոտակայքում:
Նշենք, որ վերջին օրերին ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Նախկինում հաղորդվում էր 36 զոհերի մասին: Մահացածների թիվն ավելացել է, քանի որ ծանր վնասվածքներ ունեցող ևս 5-ը մահացել են արդեն հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ վիրավորների թիվը հասնում է 4 հազարի:
Այսօր`ուրբաթօրյա աղոթքից հետո Կահիրեում կրկին իրավիճակի կարող է սրվել: 6-օրյա բախումներից հետո, որոշ առումով հանդարտված մայրաքաղաքը կրկին կարող է բախումների հրապարակ դառնալ: Ակտիվիստները նախկինի պես զինվորականներից պահանջում են իշխանությունը լիաովին փոխանցել քաղաքացիական կառավարությանը:
Նախօրեին Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահը վարչապետ է նշանակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի թիմի անդամ Քեմալ ալ-Գանզուրիին և լիազորել նրան նոր կառավարություն ձևավորել: Ժողովուրդը, սակայն, շարունակում է քաղաքացիական կոալիցիայի իշխանություն պահանջել:
Ցուցարարները զանգվածային ակցիայի են պատրաստվում: Այն անց է կացվելու «Վերջին հնարավորությունը, կամ ընկածների իրավունքը» կարգախոսի ներքո: