Թաիլանդի կառավարությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ Facebook սոցիալական կայքում իշխանությունների վերաբերյալ քննադատություն պարունակող հոդվածները «լայք» կոճակով գնահատելու դեպքում նրանք կարող են ենթարկվել քրեական հետապնդման, գրում է The Guardian-ը:
Համաձայն իշխանությունների հայտարարության` Facebook-ի օգտատերերի նման գործողությունները հավասարազոր են միապետին վիրավորանք հասցնելուն, ինչը, երկրի օրենքով, պատժելի արարք է: Թաիլանդը սահմանադրական միապետություն է, իսկ միապետը բացարձակ արժեք է համարվում երկրում: Թագավոր Պխումիպոն Ադուլյադետի ծննդյան օրվա տոնակատարությունների ժամանակ անգամ դադարեցվել են բախումները կառավարության կողմնակիցների և ընդդիմության միջև:
«Նա, ով միապետին վիրավորող հոդվածների տակ լայք կոճակն է սեղմել, պետք է վերադառնա և ջնջի այն»,- Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Անուդիտա Նակորնտապայի խոսքերն է փոխանցում պարբերականը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ թայլանդական դատարանը 61-ամյա տղամարդուն 20 տարվա ազատազրկման է դատապարտել հաղորդագրության համար, որը դատարանը որպես վիրավորանք է որակել միապետի նկատմամբ: