Դերասան Վարդան Պետրոսյանը չգիտի` ընդդիմադիր է, թե ոչ, բայց ասում է իր խղճի խոսքը: Այս մասին դերասանն ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
«Ես ասում եմ այն, ինչ ինձ թելադրում է իմ խիղճը: Եվ ստացվում է այնպես, որ իմ խոսքը կիսում է նաև ժողովուրդը: Թաքնված ոչինչ չկա, և բացահայտ ասում եմ: Եթե Դուք 80-ականներին նայեիք իմ ներկայացումները` շատ ուժեղ ու վտանգավոր քաղաքական հումորով, իսկ այն ժամանակ պապանձված էին բոլորը, կնկատեիք, որ իմ հիմիկվա ասածը փափուկ բամբակ է», – ասել է Վարդան Պետրոսյանը:
Հարցին, թե արդյոք ներկայացումներում արված սուր արտահայտություններից հետո չեն հայտնվում դերասանին ճնշել ցանկացող քաղաքական գործիչներ, Պետրոսյանն ասել է. «Մինչև օրս ոչ մեկի կողմից ոչ մի անգամ ոչ մի ձևով` նույնիսկ քաղցր ակնարկի տեսքով որևէ խնդիր չեմ ունեցել: Այ չեմ հասկանում, երբ ասում են` չեն թողնում ազատ խոսես, ասես` ինչ մտածում ես: Բացե´ք ընդդիմադիր թերթերը, տեսեք` ինչեր են գրում: Բա ո՞նց են իրենց թողնում: Երբեմն այդ թերթերը կարդում եմ, մազերս բիզ-բիզ են կանգնում, մեկ-մեկ էնպիսի բաներ են գրում, որ չի կարելի գրել: Անձնական անպատվություններ չեմ սիրում ու չեմ էլ գործածում, դրանք ինձ համար անթույլատրելի են»:
Ինչ վերաբերում է իր «Սեռասարսափ» ներկայացմանը, Վարդան Պետրոսյանն ասել է, «Ամբողջ ներկայացման իմաստն իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերություններն են, որոնք ես ներկայացնում եմ սեռասարսափ բառով: Մեր իշխանությունները կարծես նման են մի փոքր լկստված տղայի, որն անբարո այլանդակի պես չարչարում է մի ծեր կնոջ: Մի՞թե կարելի է այդքան չսիրել, արհամարհել ու նվաստացնել ժողովրդին»: