Եթե ԽՍՀՄ տարածքը վերցնենք, ապա համաշխարհային շախմատային դաշտում այն այժմ առաջատարը կլիներ, քանի որ լավագույն խաղացողների մեծ մասը նախկին ԽՍՀՄ երկրներից են` Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից: Առաջին տասնյակում մոտ 7 խաղացողներ նախկին ԽՍՀՄ տարածքից են: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի գորսմայստեր Վլադիմիր Կրամնիկը:
«Բայց իրավիճակը փոխվել է, և մի քանի անգամ ավելի բարդ է դարձել, որովհետև թիմային մրցաշարերում մեր հիմնական հակառակորդները ԽՍՀՄ նախկին երկրներն են: Մենք դեռ վատ չենք դիմադրում, բայց, իհարկե, այն գերակա դիրքը, որ կար այդ աշխարհաքաղաքական փոփոխությունների ընթացքում, այլևս անհնար է, այդ իսկ պատճառով այդ մասին չարժե երազել»,- նշել է գրոսմայստերը:
Լրագրողի հարցին` արդյոք ողջ երկիրը պետք է շախմատիստի վրա աշխատի, ինչպես Հայաստանը` Լևոն Արոնյանի, Կրամնիկը պատասխանել է. «Երբ աջակցություն կա, դա, իհարկե, օգնում է, ինչպես Լևոնի դեպքում: Հայաստանի նախագահը միաժամանակ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, նա միշտ գալիս է մրցաշարերին, Լևոնի լավ ընկերն է, նրանք անմիջական կապ ունեն, նա իրեն օգնում է, դա և ֆինանսական, և բարոյական աջակցություն է, բացարձակ քարտ-բլանշ: Նույնը նաև Ադրբեջանում է:
Բայց Ռուսաստանը մեծ երկիր է, շախմատը միակ սպորտաձևը չէ, այդ իսկ պատճառով բնական է, որ հսկայական ուշադրություն չի դարձվում դրան: Օրինակ, Հայաստանում Լևոն Արոնյանը համար առաջին մարզիկն է:
Լևոն Արոնյանն իրոք շատ տաղանդավոր է, և նա իսկապես հավակնում է աշխարհի չեմպիոն դառնալ, նա արդեն իսկ ըստ վարկանիշի 2-րդն է աշխարհում: Դե, իհարկե, շախմատը այնքան մեծ ներդրումներ չի պահանջում, ինչպես ֆուտբոլը, բայց մշտական աջակցություն պետք է: Եվ եթե այն նախագահի մակարդակով է իրականացվում, դա շատ է օգնում», – ասել է Կրամնիկը: