Հայ Ազգային Կոնգրեսը ուշադիր հետևում է այն իրադարձություններին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի իշխանությունները, քաղաքական ուժերը, հասարակայնությունը ստեղծված իրավիճակում կգտնեն լուծումներ, որոնք կնպաստեն այդ երկրում ժողովրդավարությանը և կայունությանը», – ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում բողոքի ալիք է բարձրացել:
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում կեղծված ընտրությունների դեմ բողոքի երթ են կազմակերպել մի քանի հազար մարդ: Արդյունքում ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ:
Դեկտեմբերի 10-ին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Մոսկվայի Բոլոտնայա հրապարակ՝ պահանջելով չեղյալ համարել կեղծված ընտրությունները, որտեղ ձայների գրեթե կեսը բաժին է հասել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը:
Նույն օրը բողոքի ցույցեր են կայացել ռուսաստանյան տասնյակ քաղաքներում: