Home / Հայաստան / Տաքսու վարորդը հորինե՞լ է իր վրա հարձակումը

Տաքսու վարորդը հորինե՞լ է իր վրա հարձակումը

Դեկտեմբերի 1-ի կեսօրին ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 27-ամյա Սերգեյ Բերակչյանն ու հայտնել, որ գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանոթ երիտասարդ նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան՝ պատվիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, սակայն հասնելով նշված վայրը` դուրս է եկել մեքենայից և գազային ատրճանակից կրակելով իր ուղղությամբ՝ սրահից վերցրել է 14.000 դրամ ու դիմել փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են Կոտայքի մարզում գտնվող խաղատներից մեկի՝ դեկտեմբերի 1-ի գիշերը նկարահանված տեսաերիզը, որտեղ հստակ երևում է, որ Ս. Բերակչյանը նշված հանցագործության ժամանակահատվածում գտնվել է այդ խաղատանն ու զբաղվել մոլեխաղերով:

Դեկտեմբերի 12-ին Բերակչյանը հրավիրվել է բաժին և ընթերակաների ներկայությամբ տեսաերիզը դիտելուց հետո խոստովանել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում չի կատարվել, իսկ նախկինում տված իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմամբ` Բերակչյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով ՀՀ  քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: