Իտալիայի հարավում գտնվող փոստային բաժանմունքում փամփուշտներ և սպառնալիքներ պարունակող մի քանի նամակ է հայտնաբերվել` ուղղված երկրի ներկայիս վարչապետ Մարիո Մոնտիին և նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին, հայտնում է РБК-ն:
Վերոնշալ նամակներից բացի, փոստում հայտնաբերվել են նաև մի շարք իտալացի քաղաքական գործիչներին և մի քանի խոշոր պարբերականների ղեկավարներին ուղղված նամակներ` կրկին փամփուշտներով:
Սպառնալիքներ պարունակող նամակները ստորագրված են «զինված պրոլետարիատի շարժման» անունով: Նամակների հեղինակները կոչ են արել քաղաքական գործիչներին վերանայել հակաճգնաժամային միջոցառումները, հակառակ դեպքում «ստիպված կլինեն վճարել»:
«Փամփուշտներ շատ ունենք»,- ասված է հաղորդագրություններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` դեկտեմբերի 12-ին, երկու նմանատիպ հաղորդագրություններ հայտնաբերվել են Հռոմի փոստային բաժանմունքում: Նամակները ուղղված են եղել իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետին և երկրի արդարադատության նախարարին:
Մեկ շաբաթ առաջ նմանատիպ «փոստային ռումբ» պայթել էր Equitalia հարկերի հավաքագրման ընկերության տնօրենի աշխատասենյակում: