Պետք է փորձ անել գտնել այն օպտիմալ ձևը, որով հնարավոր լինի վերաձևավորել հին արժեքները ու միաժամանակ այսօրվա արժեքների հետ համակցություն ստեղծել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում Նոր տարվա տոնի գաղափարի ու մշակույթի մասին, այս մասին ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով` Նոր տարվա ուտեստն էլ տոնի բովանդակության հետ կապ ունի:
Խառատյանը նշել է, որ ավանդական մեր մտածողությամբ հատիկավոր ու պատիճավոր ուտելիքն էր կարևորվում սեղանի վրա, օրինակ` լոբի, սիսեռ և այլն, այն պատճառով, որ կյանքի շարունակականության հիմնական սիմվոլներն էին ու կյանքի շրջապտույտի հետ կապ ունեին, իսկ ավելի վաղ ընդունված չի եղել սեղանին դնել մսեղեն:
Նա նաև նշել է, որ գիշերը` հաճախ ժամը 12.00-ին, այն պահը, որը համարվում է սահման անցումի ժամանակի, անցյալում մարդիկ վազում էին իրենց ջրի ակունքների մոտ, շնորհավորում էին ջուրը, հատուկ սրա հետ կապված երգային տեքստեր կային: Խառատյանը խորհուրդ է տվել հիմա էլ տան խողովակի ջուրը բացել, թարմ ջրից վերցնել, հին ջրամանները դատարկել, նոր ջուր լցնել, որ դատարկ ամաններ մաքսիմալ քիչ լինեն:
Խոսելով տոնածառի խորհրդի մասին` Խառատյանն ասել է, որ այն որպես զարդարված եղևնի ընդհանրապես ամբողջ աշխարհում մոտ 300-400 տարվա պատմություն ունի:
«Սկզբունքորեն 19 դարի վերջին Եվրոպայում տարածվող տոնածառներին զուգահեռ գոնե արևմտահայոց միջավայրում տեսնում ենք տոնածառի մուտքը: Բայց զարդարվող ծառը, հայոց մեջ եղել է վաղուց: Հիմնականում այդ ծառից կախում էին հմայիլներ», – ասել է ազգագրագետը:
Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա, Խառատյանի խոսքով, նա որպես քրիստոնեկան մշակույթի դրսևորում սրբի կերպար է: Այն սկսել է զարգանալ կաթոլիկական մշակույթում, տարբեր աշխարհներում տարբեր դրսևորումներ է ստացել, Սանտա Կլաուս է դարձել, Դեդ Մոռոզ է դարձել, սկզբուքնորեն իր արտաքին տեսքով զգալի նմանություններ ունենալով:
«Ձմեռ պապը իր հիմնական բովանդակությամբ հյուսիսից է գալիս, նվերներ է բերում, երբեմն նրան ուղեկցում է գեղեցկուհին` Ձյունանուշը: Եվ բավական մեծ տարածում է ստացել նույնիսկ հնդեվրոպական մշակութային աշխարհից դուրս: Ես կարծում եմ, որ հայկական Նոր տարին Ձմեռ պապ չի ունեցել: Ձմեռ պապը նորաստեղծ երևույթ է Նոր տարվա ծիսաշարում, բայց շատ հաջող մտել է և հայերի մեջ էլ կարող է ձեռք բերել նոր առանձնահատկություններ»,- ասել է Հրանուշ Խառատյանը: