Home / Հայաստան / Տնտեսապես պատժելով Ֆրանսիային` Թուրքիան խնդիրներ կունենա ԵՄ անդամագրվելու հարցում

Տնտեսապես պատժելով Ֆրանսիային` Թուրքիան խնդիրներ կունենա ԵՄ անդամագրվելու հարցում

Թուրքիայի Կենտրոնական բանկը կարող է Ֆրանսիայից հետ վերցնել 23 միլիարդ եվրոյի հասնող իր պահուստային գումարները` հաշվի առնելով Եվրամիության անդամ պետության կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, Hurriyet Daily News-ի հետ զրույցում նման կարծիք են հայտնել թուրք տնտեսագետները:

«Ապագայում Կենտրոնական Բանկը կարող է հետ վերցնել Ֆրանսիայում ունեցած իր պահուստային գումարները որպես տնտեսական պատժամիոջների քաղաքականության մի մաս», – ասել է Ստամբուլի Բիլգի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Էրոլ Քաթիրչիօղլուն:

«Հաշվի առնելով Թուրքիայի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և քաղաքական հռետորաբանությունը նման քայլ կարելի է ակնկալել», – Hürriyet Daily News-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Քաթիրչիօղլուն:  Այդուհանդերձ, նա նշել է, որ այդ քայլով Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հարցում նոր հակառակորդներ ձեռք կբերի և իրեն որպես «անվստահելի գործընկեր» կներկայացնի:

Իսկ Ստամբուլի Առևտրային Համալսարանի տնտեսագետ Քերեմ Ալկինը կարծում է, որ  Թուրքիան իրավունք ունի հետ վերցնել իր պահուստները Ֆրանսիայից:

«Սա չի ազդի Ֆրանսիայի տնտեսության վրա, բայց դա կապացուցի, թե որքան լուրջ է Թուրքիան տամադրված պատժամիջոցներ կիրառելու իր որոշմանը»,-ասել է Ալկինը:

Հակառակ կարծիք է հայտնել «Աքիֆ Բանկի» նախագահի տեղակալ Մեհմեդ Ուստան:

«Ֆրանսիայի տնտեսությունը կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել, եթե Թուրքիայի Կենտրոնական բանկը հետ վերցնի իր պահուստները, որի հիմնական մասը Ֆրանսիական կառավարության պարտատոմսերում է», – ասել Ուստան: