Home / Հայաստան / «Սարդարապատը» ցանկանում է ապօրինի իշխանություններին զուգահեռ օրինականը ձևավորել

«Սարդարապատը» ցանկանում է ապօրինի իշխանություններին զուգահեռ օրինականը ձևավորել

«Սարդարապատ» շարժումը ցանկանում է Հայաստանում այլընտրանքային իշխանություն ձևավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Մեր գերնպատակն իշխանափոխությունը չէ, այլ նոր պետականության ստեղծումն է: Մենք չենք շտապելու, հաստատուն քայլերով գնալու ենք առաջ», – ասել է Սեֆիլյանը` նշելով, որ «Սարդարապատը» կոնկրետ ժամկետներ չի նշում, սակայն խոստանում է, որ «եկող օրերին, շաբաթներին» ցույց կտա, թե ապօրինի իշխանություններին զուգահեռ ինչպես ձևավորել օրինական իշխանություն:

Սեֆիլյանի խոսքով` իրենք բոլորը ականատես եղան, թե ինչպես մի շարք այլ երկրներում կատարվում են հեղափոխություններ, իսկ Հայաստանում այդ հեղափոխությունները սկսվել են մարդկանց հոգիներում և մտքերում:

«Սարդարապատի» ներկայացուցիչը այլ երկրների և Հայաստանի միջև տարբերություն է տեսնում: Եթե այլ երկրներում մարդիկ դուրս են եկել հրապարակ` հեղաշրջում անելու, ապա Հայաստանին նման ցնցումներ պետք չեն, սկզբում պետք է մտածել` ինչպես առաջ շարժվել:

«Եթե լծվենք մեր ծրագրին, առանց ցնցումների հեղափոխությունը կստանա միս ու արյուն», – նշել է Սեֆիլյանը:

Բանախոսը ներկայացրել է ծրագրի դրույթները. «Սարդարապատը» համարում է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակհատվածը լավագույն պահն է ժողովրդի ուժերը մոբիլիզացնելու համար և իր շարժումն այդ ուղղությամբ է աշխատելու` նպատակ ունենալով փոխել Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Սարդարապատի» ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, խոսելով գալիք  ընտրությունների մասին, ավելացրել է, որ դրանց մասնակցելու համար անհրաժեշտ է ազատվել «այս նեխած ընտրական հանձնաժողովից»:

«Եթե մարտի 1-ից հետո որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել, ապա ո՞րը պետք է լինի հաջորդ ընտրություններին ժողովրդին տված պատասխանը: Շատ կարևոր է նաև, թե ով է կազմակերպում ընտրությունը, ով է հաշվում և ով է հրապարակում արդյունքները», – ասել է Խզմալյանը` ընդգծելով, որ ընտրությունների կազմակերպողը, որը իշխանությունն է, երբեք չի հայտարարի սեփական պարտության մասին, և սկզբում կարևոր է ազատվել այդ մարդկանցից: