2006 թվականին գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի և թուրքահայ արվեստագետ Կարոլին Ֆիշեկչիի երկուսուկես տարի տևած հարաբերությունները, ըստ ԶԼՄ-ներում տարածված լուրերի, ավարտին են մոտենում, քանի որ գրողը ներկայումս սիրային կապի մեջ է հնդկական ծագում ունեցող գրող Կիրանի Դեսայի հետ:
Ֆիշեկչին վերջին օրերին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Փամուկի նոր սիրային կապի մասին:
Կարոլին Ֆիշեկչիի խոսքով` Փամուկը ժամանակավորապես մեկնել է Լատինական Ամերիկա, սակայն, վերջիվերջո, վերադառնալու է Թուրքիա:
«Ես չեմ վախենում կորցնել Փամուկին: Ես փորձում եմ բացահայտել և փորձել նրան: Տիրել նշանակում է բռնազավթել: Սա է այն օբյեկտիվ պատճառնը, որը ստիպում է ինձ չփորձել տիրանալ Օրհանին: Ես նրան ազատ եմ թողնում», – Hürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է Ֆիշեկչին:
Նա նշել է, որ ներկայումս իր հարաբերությունները Փամուկի հետ տրավմատիկ շրջան են ապրում, սակայն հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալուց:
ԶԼՄ-ներում հաճախ քննադատվում է նրա` որպես արվեստագետի գործունեությունը, քանի որ կարծիք կա, որ նրա կարիերան կավարտվի Փամուկի հետ հարաբերությունների ավարտից հետո:
«Ասում են, որ ես գոյություն ունեմ միայն Օրհանի հաշվին, և իմ անունը 5 տարում կմոռացվի: Բայց Օրհանի հետ հարաբերությունները չեն, որ ինձ ճանաչում են բերել», – ասել է նա:
Ֆիշեկչին նշել է, որ չէր կարդացել Փամուկի գործերը մինչ իրենց հանդիպումը:
«Ես որոշակի նախապաշարմունք ունեմ բեսթսելերների հանդեպ: Բացի դա, ես նախընտրում եմ համաշխարհային գրականության նմուշներ: Հենց այդ պատճառով չէի կարդացել Փամուկի գործերը: Սկսեցի կարդալ դրանք մեր հանդիպումից հետո, սիրում եմ նրա «Իմ անունը կարմիր է» գիրքը», – ասել է արվեստագետը:
Գլխավոր լուսանկարում Կարոլին Ֆիշեկչին է, հաջորդ լուսանկարում` Օրհան Փամուկը Կիրանի Դեսայի հետ: