Home / Հայաստան / Ռուսաստանյան ընկերությունը պատրաստվում է գնել հայաստանյան «ՋիԷնՍի-Ալֆա»-ն և Ucom-ը

Ռուսաստանյան ընկերությունը պատրաստվում է գնել հայաստանյան «ՋիԷնՍի-Ալֆա»-ն և Ucom-ը

Ռուսաստանյան «Ռոստելեկոմը» մտադիր է ձեռք բերել հայկական «ՋիԷնՍի-Ալֆա» օպերատորի 75 տոկոսը մինուս մեկ բաժնետոմս, ինչպես նաև Ucom ինտերնետ պրովայդերին, ինչը ռուսաստանյան ընկերությանը կապահովի հայաստանյան լայնաշերտ հասանելիությամբ ինտերնետ շուկայի 13%-ը: Ինչպես «Կոմերսանտին» հայտնել է «Ռոստելեկոմի» տնօրենների խորհրդին մոտ կանգնած աղբյուրը, ակնկալվում է, որ որպես ակտիվի գնորդ հանդես կգա կիպրական Teleset Networks Ltd –ին, որը կգնի «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը 22,5 մլն դոլարով:

«Պարսկական ծոցից դեպի Եվրոպա տրաֆիկի փոխադրումը հեռանկարային ուղղություն է: Ճանապարհի կեսն անցնում է Հայաստանի միջով, և տեղական օպերատորի ձեռքբերումը պետք է որ ամրապնդի «Ռոստելեկոմի» դիրքերը», – հայտնել է օպերատորին մոտ կանգնած աղբյուրը:

Հայաստանում լայնաշերտ հասանելիությամբ ինտերնետ շուկան 2011 թվականի տվյալներով 40 մլն դոլար է գնահատվում: «ՋիԷնՍի-Ալֆա» մասնաբաժինը շուկայում մոտ 2% է կազմում:

Չի բացառվում, որ ապագայում «Ռոստելեկոմը» գնի նաև խոշորագույն անկախ ինտերնետ մատակարար Ucom-ը (այն ապահովում է Հայաստանի լայնաշերտ հասանելիությամբ ինտերնետի 11%-ը, ունի 19,5 հազար բաժանորդ, եկամուտը 2011-ի կտրվածքով 5,3 մլն դոլար է կազմում), կարծում է աղբյուրը:

«ՋիԷնՍի-Ալֆան» տիրապետում է 1,5 հազար կմ երկարությամբ օպտիկա-մանրաթելային մալուխի և համարվում է հայաստանյան համացանցային շուկայում խոշորագույն անկախ խաղացողը: 2011 թվականին ընկերության եկամուտը կազմել է 12 մլն դոլար: