Home / Հայաստան / Իտալական զբոսանավի վթարի պահին կապիտանը ընթրում էր երիտասարդ կնոջ հետ

Իտալական զբոսանավի վթարի պահին կապիտանը ընթրում էր երիտասարդ կնոջ հետ

Իտալիայի արևմտյան ափերի մոտ վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի կապիտանը պատահարի պահին երիտասարդ կնոջ հետ ընթրելիս է եղել: Ինչպես պատմել են ղազախստանցի ուղևորները, նա կնոջ հետ գինի էր խմում:

«Կապիտան Ֆրանչեսկոն այն սրահում էր, որտեղ բոլորս էինք ընթրում: Նա նստած էր իր համար հատկացված առանձին սեղանին մի երիտասարդ կնոջ հետ և գինի էր խմում»,- պատմել է ղազախստանցի ուղևորուհին: Եվս մի կին  հաստատել է այն լուրերը, համաձայն որոնց, տարհանման մասին մինչև վերջին րոպեն ոչ ոք չի հայտնել: Իսկ ընթացքը, ուղևորների հավաստմամբ, «ահավոր» էր կազմակերպված:

«Երբ մարդկանց մոտ խուճապ առաջացավ, հրմշտոց սկսվեց, քանի որ մարդիկ փորձում էին արագ լաստանավերի մեջ մտնել: Զբոսանավի անձնակազմը բացարձակ պատրաստ չէր էքստրեմալ իրավիճակների և չգիտեր` ինչպես վարվել»,- ասել է նա:  «Մեր լաստանավը վարող  խոհարարից կես ժամ պահանջվեց, որպեսզի մի քանի մետր տարածք հաղթահարի մինչ ափը»,- պատմել է կինը:

Կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն արդեն ձերբակալված է մասնագիտական անփութության, վնաս հասցնելու և չկանխամտածված սպանության մեղադրանքով: Նրան տասը տարվա ազատազրկում է սպառնում: Բացի դրանից, բազմաթիվ վկաներ հայտնում են, որ Սկետինոյին տեսել են ափի վրա բոլոր ուղևորներին զբոսանավից տարհանելուց դեռ երկու ժամ առաջ:

Մինոյն ժամանակ, չի բացառվում, որ զբոսանավը կարող էր բախվել ստորջրյա ժայռաբեկորի: «Դատելով ժայռի այն կտորից, որը մխրճվել է նավի մեջ, կարելի է ասել, որ այն բախվել է հենց այն ժայռաբեկորին, որտեղ քրիստոնեության համար հոբելյանական 2000-րդ տարում Քրիստոսի ստորջրյա հուշարձան էր կանգնեցվել`օծված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից»,- հայտարարել է տեղական ստորջրյա ակադեմիայի նախագահ Ալեսանդրո Տոմազին:

Եթե նրա ենթադրությունները հաստատվեն հետաքննության ընթացքում, դա կնշանակի, որ զբոսանավը շեղվել է ուղղությունից և մոտեցել ափին ընդամենը 200 մետր վտանգավոր հեռավորության վրա: Կապիտան Ֆրանչեսկո Սկետանոն իր հերթին պնդում էր, որ այն ժայռաբեկորը, որին բախվել է իր զբոսանավը, ընդհանրապես քարտեզի վրա չի եղել: