Home / Հայաստան / Ցմահ դատապարտյալները «Նուբարաշենում» հացադուլ են սկսում

Ցմահ դատապարտյալները «Նուբարաշենում» հացադուլ են սկսում

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 20 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նրանք երեք նամակ են պատրաստել՝  ՀՀ նախագահին, Եվրախորհրդի և Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին, և պահանջում, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց:

Ցմահ դատապարտյալները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններին: Նշենք, որ նախորդ տարի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, սպանության դիմաց պատժաչափ է մտցվել`12-20 տարվա ազատազրկում, իսկ նախկինում կար միայն 15 տարի և ցմահ ազատազրկում:

Ցմահ դատապարտվածները ենթադրում են, որ նրանց պատժաչափը կարող է փոխարինվել 20 տարի ազատազրկմամբ:

Թերթը նշում է, որ վերջին ամիսներին նրանք բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն դրանք անպատասխան են մնացել։

Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջն այս անգամ էլ մնա անարձագանք՝ մի քանի օր անց առաջին 20 հացադուլավորների կմիանան հաջորդ 20-ը, և այսպես շարունակ՝ մինչև իրենց ձայնը լսվի։