Home / Հայաստան / «Ֆրանսիային խնդրենք` այսօրվա սպիտակ գենոցիդը ճանաչի՞». նախագահականի մոտ կրկին բողոքեցին

«Ֆրանսիային խնդրենք` այսօրվա սպիտակ գենոցիդը ճանաչի՞». նախագահականի մոտ կրկին բողոքեցին

«Վերջ թալանին», «Եկմալյան շենքը ազատագրել բռնագրավումից», « Գապբնակշին՝ խաբված բնակիչներ», ««Նարեկ- Դավիթ» ՍՊԸ-ն խաբում է բնակիչներին», «Վերջ կոռուպցիային, ռեկետին, արդար դատաստան ներքին թշնամիներին». նման բովանդակությամբ պաստառներով այսօր կրկին նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել Բուզանդ, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը: Նրանց  հերթական բողոքի ակցիայի նպատակն էր նախագահական նստավայրից ստանալ իրենց հարցի վերջնական լուծումը:

Ակցիայի մասնակիցները պատմել են, որ նախագահի վերահսկողությունից իրենց ակտիվիստ Սոնա Մաղաքյանին, ինչպես նախորդ ակցիաների ժամանակ, այնպես էլ այսօր հրավիրել են  ու  հորդորել գնալ փոխզիջման, սակայն վերջինս հրաժարվել է:

«Քանի որ Սոնան այսօր համարվում է մեր լիդերը, ուզում են ինչ-որ կերպ  ազդել նրա վրա: Բայց մենք  բոլորս պայքարում ենք մի նպատակի համար ու անհատական փոխզիջումների չենք գնա, պայքարելու ենք մինչև վերջ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Ֆլորա Սարուխանյանը:

Խաբված բնակիչները վստահ են, որ հետևողական պայքարի արդյունքում իրենց հարցը անպայման լուծում կստանա:

«Ֆրանսիայի ընդունած օրինագիծն ինձ բոլորովին չի ուրախացրել, քանի որ այսօր իմ հայրենիքում սպիտակ եղեռն է իրականացվում, իսկ իշխանություններն ու ժողովուրդը լուռ նայում են: Ի՞նչ անենք, գնանք ֆրանսիացիներին խնդրենք, որ այսօրվա սպիտակ գենոցիդը ճանաչե՞ն: Ինչով ուրախանանք,երբ մեր երկրում մարդկանց վտարում են սեփական տներից ու շպրտում փողոց: Բերեք մի օրենք ընդունենք՝ Հայաստանում «սպիտակ գենոցիդը» հերքողներին քրեական պատիժ սահմանեն, ի՞նչ եք կարծում, կանցնի՞ Հայաստանում: Չեմ վախենում ասել, որ  այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում՝  ներքին թուրքի ձեռքի գործն է, ով ուզում է, թող իր վրա վերցնի գնդակը», – եզրափակել է Սոնա Մաղաքյանը:

Ակցիայի մասնակիցները հեռացել են նախագահական նստավայրից՝ վաղը կրկին վերադառնալու նպատակով: