Գիտակցելով իրենց քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի առջև` Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող 18 քաղաքական ուժերը որոշել են, որ նախընտրական դաշինքով մասնակցելու են առաջիկա ընտրապայքարին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Հենց հերթական խորհրդարանական ընտրությունները և դրանց շնորհիվ ստեղծվող հնարավորությունները պետք է օգտագործենք արտահերթ նախագահական ընտրություններ պարտադրելու նպատակով: Եվ դա մնում է մեր օրակարգում»,- ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` 18 կուսակցությունների դաշինք ստեղծելն աննախադեպ երևույթ է, և համամասնական ցուցակի շուրջ համաձայնության գալը բավական բարդ է լինելու, սակայն, Զուրաբյանի խոսքով, առաջին քայլը կատարված է, և դա այն է, որ կուսակցությունները որոշել են նախընտրական դաշինք կազմել` առանց նախապես քննարկելու համամասնական ցուցակի կազմավորման սկզբունքները:
Խոսելով համամասնական ցուցակների մասին` Զուրաբյանն ասել է, որ այսօր կայանալու է Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, և 18 կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացնելու են համամասնական ցուցակի հետ կապված իրենց դիրքորոշումը:
Զուրաբյանը նաև զգուշացրել է, որ Կոնգրեսը կհրապարակի այն լրատվամիջոցների անունները, որոնք խեղաթյուրված տեղեկատվություն են տարածում ՀԱԿ-ի ընտրական ցուցակի մասին: