Հայաստանում ոստիկանությունը ստեղծում է ժամանակի մեքենա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկումների պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը` անդրադառնալով ոստիկանության կողմից իր գործի կապակցությամբ տրված բացատրությանը:
Գևորգյանն ընդգծել է, որ, համաձայն ոստիկանության հայտարարության, իր դեմ քրեական գործը հարուցվել է հունվարի 20-ին, բայց միևնույն հայտարարության համաձայն, ոստիկանությունն իրեն հարցաքննության է կանչել դեռևս հունվարի 17-ին: Բացի դա, համաձայն հայտարարության, իրավապահ մարմինները միայն հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթից է իմացել, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որով, ըստ ոստիկանության, վրաերթի է ենթարկվել Աշոտ Ֆրանգուլյանը, վարում է Հայկ Գևորգյանը, բայց նույն Գևորգյանին հարցաքննության են կանչել արդեն իսկ հունվարի 17-ին:
«Քրեական գործի հարուցումից հետո ոչ մի ծանուցագիր չի եկել մեր տուն, ավելին՝ ինձ կալանավորելուց մեկ օր հետո է ոստիկանությունից ծանուցագիր եկել մեր տուն, թե ես կալանավորված եմ»,- ասել է Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ մեծ հասարակական ուշադրության պատճառով է, որ թեկուզ մեկ օր ուշացմամբ, բայց իր հարազատներին ծանուցել են ձերբակալման մասին:
Լրագրողի խոսքով` սովորական դեպքերում նման բան չի արվում և մարդիկ օրեր շարունակ չեն իմանում՝ որ իրենց տան անդամը ձերբակալված է:
Նա նշել է, որ եթե իրեն հրավիրեն հարցաքննության, ապա ինքը կներկայանա միայն այն դեպքում, երբ իր կարգավիճակը պարզվի և ծանուցագրում որևէ սխալ չլինի:
«Եթե կարողանանք սովորեցնել գոնե նորմալ ծանուցում գրել, էլի ուրախ կլինեմ»,- ասել է Հայկ Գևորգյանը:
Հայկ Գևորգյանի խոսքով` թեև ինքը սնոտիապաշտ չէ, սակայն հունվարի 13-ը՝ ուրբաթ, իրադարձություններով լի օր է եղել իր ընտանիքի համար. այդ օրը, բացի Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից, Հայկի կնոջը հետևել է մի մեքենա, իսկ Հայկի տղաների ու կնոջ մասին անծանոթ մարդիկ հարցրել են հարևաններից:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացրած ժամանակահատվածում Հայկը ծանոթացել է ՔՀԿ-ում ազատազրկման մեջ գտնվող մոտ 25 մարդկանց պատմություններին: Դրանց լրագրողը որոշել է անդրադառնալ հետագայում:
«Եթե ասենք` ծեծում են էդ մարդկանց, կլինի ոչինչ չենք ասել: Խոշտանգում են ուղղակի: Զարմանում եմ, որտեղից էդքան սադիզմ», – ասել է Հայկ Գևորգյանը: