Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանի բնակիչները ստիպողաբար լքել են իրենց հայրենիքը և նոր բնակավայրեր են գտել Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում: Այս մասին ասված է «Ռուսաստանում Ջավախքի սփյուռքի» կողմից ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինին ուղղված նամակում: Նամակը երկուշաբթի հրապարակել է Regnum գործակալությունը:
«Վրացական իշխանությունները շարունակում են ոտնահարել ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես, Ջավախքում բնակվող հայ բնակչության: Մեր կազմակերպությունը խնդրանքով դիմում է Ձեզ, փոխանցեք, խնդրում ենք, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որ մենք խնդրում ենք օգնել մեզ (մեր ներկայացուցիչներին) միջազգային հարթակներ (ԵԽԽՎ ՄԱԿ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և այլն ) դուրս գալ Վրաստանի հայաբնակ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների իրական փաստերի լուսաբանման և հրապարակայնացման համար:
Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը վերջերս պաշտպան կանգնեց Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակչությանը, սակայն այդ ամենը գլխիվայր շուռ եկավ և շարունակում է խեղաթյուրվել արևմտյան ԶԼՄ-ների և մեդիա կառույցների կողմից: Համապատասխանաբար, այն ներկայումս սահմանափակում է և հնարավորություն չի տալիս Ռուսաստանին շարունակել բացահայտ կերպով միջամտել Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրներին: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը համարվում է ԽՍՀՄ-ի իրավահաջորդը, այն պետք է և անկասկած կարող նպաստել Ջավախքում ապրող հայազգի բնակչության իրավունքների և ազատությունների պաշտպանությանը` հնարավորություն ընձեռելով հենց ջավախքցիներին դուրս գալ միջազգային տրիբունաներ»,- մասնավորապես, ասված է նամակում: