ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ներկայացվել են մեղադրյալներ Ստեփան Կարախանյանի, Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջիններս հրաժարվել են դատարանում ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ ՃՈ աշխատակիցներ Կարախանյանը, Լևոնյանը և Մախմուրյանը` Մարգար Օհանյանի հետ մեկտեղ, մեղադրվում են բենզինի յուրացման մեջ:
Մեղադրյալ Մախմուրյանը նշել է, որ մշտապես բենզին ստացել է Արա Լևոնյանից և, բացի սովորական կտրոններից, ունեցել է լրացուցիչ քարտեր, որոնցով բենզին են դուրս գրել, իսկ անձնակազմին բենզինը պակաս են տվել: Բենզինի պակաս լինելու վերաբերյալ աշխատակիցների հարցերին Մախմուրյանը պատասխանել է, որ դա արվում է ղեկավարության հանձնարարությամբ, և հորդորել է ավելորդ հարցեր չտալ:
Մեղադրյալ Արա Լևոնյանը նախաքննության ժամանակ մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը: Ցուցմունքներից մեկում Լևոնյանը նշել է, որ 2009 հունվարից մինչև 2011թ. հուլիս ընկած ժամանակահատվածում առաջին երկու սպայական գումարտակներին տրվել է 493 820 լիտր բենզինի կտրոն, որը կրճատվել է 2-րդ գումարտակի հաշվից և չի ձևակերպվել: Վերջին տված ցուցմունքում թիվը փոխվել է` դառնալով 574 420 լիտր:
Փաստաթղթերից որևէ մեկում Մարգար Օհանյանի անունը չի հիշատակվել, քանի որ ծախսերը ձևակերպվել են գումարտակների վրա: Լևոնյանի խոսքով` այս ամենը արվել է հենց Մարգար Օհանյանի հանձնարարությամբ, իսկ ինքը դրա մասին չի զեկուցել և Մարգար Օհանյանին չի հակադրվել, քանի որ ցանկանում էր զերծ մնալ խնդիրներից և աշխատանքից չզրկվել:
Լևոնյանն ընդունել է իր մեղքը` խոստովանելով, որ ինքն էլ օժանդակել է Օհանյանին բենզինի յուրացման հարցում:
Գրեթե նույնն ասել է Ստեփան Կարախանյանը, որ թեև առաջին ցուցմունքում որևէ անուն չի տվել ու խոստովանել է, որ ստորագրել է այնքան բենզինի տակ, որքան ստացել է, սակայն հետագայում փոխել է ցուցմունքը, ու, ինչպես և նախորդ երկու դեպքերում, խոստովանել, որ ձևակերպել է այնպես, որ պակասուրդը չերևա:
Կարախանյանը ևս ասել է, որ դա արել է Մարգար Օհանյանի հանձնարարությամբ:
Հետագայում Կարախանյանը խոստովանել է նաև, որ ստացված բենզինի մի մասն ինքն օգտագործել է անձնական կարիքների համար. բենզինից օգտվել են նրա աղջիկն ու տղան: Կարախանյանը 20 մլն 620 հազար դրամի չափով վերականգնել է վնասը:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին, ժամը 11.30-ին, որի ժամանակ կհարցաքննվի Մարգար Օհանյանը: