Երևանի կենդանաբանական այգու 17-ամյա Հրանտ անունով փղի կյանքը հարմարավետ դարձնելու ուղղությամբ ներկայումս այգու տնօրինությունը միջոցառումների ծրագիր է մշակում, որը ներառում է համապատասխան ձմեռանոցի պատրաստումը, փղին հատկացված տարածքի ընդարձակումը և զուգընկերոջ հարցի լուծումը: Այս մասին Epress.am-ին հայտնել են Երևանի կենդանաբանական այգուց:
Հիշեցնենք, որ 1999-ից Մոսկվայի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված փղի համար մինչ օրս հաջողվել է մեկ անգամ զուգընկեր բերել: Սակայն 2007-ի դեկտեմբերին այգի բերված Մաշան 2008-ի օգոստոսին սատկել է:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ այժմ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հնարավոր աջակցության մասին այգին բանակցում է «Գրանդ Քենդի» ընկերության հետ:
«Բանակցություններն այս պահին դեռ նախնական փուլում են, սակայն հուսով ենք, որ այգու փղիկի համար այսօրվա պայմանների փոխարեն անհամեմատ ավելի պայծառ ապագա կարող ենք ապահովել», – ասել է Խաչատրյանը: