Home / Հայաստան / Թաթարստանի նախագահը շատ կամաչի ու կվիրավորվի, եթե ցար Պուտինը չընտրվի

Թաթարստանի նախագահը շատ կամաչի ու կվիրավորվի, եթե ցար Պուտինը չընտրվի

Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը բացատրել է տեղի ԶԼՄ-ների ղեկավարությանը` ինչու է պետք քվեարկել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի օգտին. քանի որ «շատ ամոթ կլինի», եթե ուրիշին ընտրեն, երկրին ոչ թե  մենեջեր է պետք, այլ ցար, Մինիխանովի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստին»:

Մինիխանովի մոտ ընտրությունների վերաբերյալ փակ զրույցի էին հրավիրվել ԶԼՄ-ների 8 ղեկավարներ` հեռուստաընկերությունների և գործակալությունների գլխավոր տնօրեններ, ինչպես նաև խոշոր պարբերականների գլխավոր խմբագրեր:

Նախագահը բացատրել է նրանց` ինչու է ակնկալում Պուտինի հաղթանակը. «Ես շատ կամաչեմ, եթե մենք` ողջ Թաթարստանը, չգնահատենք այս մարդուն: Պարզապես ցավալի կլինի: Այդ մարդն այնքան բան է արել մեր հանրապետության համար: Ես պարզապես կվիրավորվեմ, եթե մարդիկ նրան չգնահատեն»:

Միաժամանակ, Մինիխանովը քննադատության է ենթարկվել Ռուսաստանի առաջնորդի պաշտոնի համար հավակնող մեկ այլ թեկնածուի` միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին այն հայտարարության համար, թե Ռուսաստանին մենեջեր է պետք:

«Երկրին ցար է պետք: Ցարը խիզախ մարդ է, ով պատասխանատու է երկրի համար: Մենեջերը պարզապես կառավարության նախագահն է»,- ընդգծել է շրջանի ղեկավարը: Մյուս թեկնածուները ցարի որակներ չունեն. Գենադի Զյուգանովը չափազանց ծեր է, Սերգեյ Միրոնովը փորձառու չէ, «իսկ եթե մեր նախագահը Ժիրինովսկին է, ես չգիտեմ, թե ովքեր ենք մենք այդ դեպքում»: