Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Մորանը խնդրել է Վաշինգտոնի մետրոպոլիտենի աշխատակազմին վերացնել մետրոյի կայարաններում տեղադրված այն գովազդը, որում առկա է հետևյալ արտահայտությունը «Բարաք, կորի գրողի ծոցը»: Այս մասին ասված է կոնգրեսականի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Մորանի խոսքով` այս գովազդը տեղին չէ և անարգանք է նախագահի նկատմամբ: «Ծնողներն իրենց երեխաների հետ, ինչպես նաև հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք օգտվում են մետրոյից ամեն օր, չպետք է նայեն այս աղբին»,-հայտարարել է դեմոկրատ կոնգրեսականը:
Ինչպես պարզաբանել է The Hill-ը, խոսքը գնում է ֆիլմի գովազդի մասին, որը քննադատում է Բարաք Օբամայի կողմից իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումները:
Մայրաքաղաքային մետրոյի համար պատասխանատու գերատեսչությունը հրաժարվել է բավարարել Մորանի պահանջը: