Եթե Իսլամի անունից հանդես եկող կուսակցությունը ձախողվում է, այն բարոյազրկում և նսեմացնում է հենց կրոնը: Թունիսյան հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
«Երբ մեկն առաջ է գալիս` ասելով, որ ինքը «կրոնական» հիմքերի վրա է կանգնած և հետո ձախողվում է, ո՞վ է տուժում: Հետևաբար նա պետք է շատ ավելի պատասխանատու լինի: Բացի դա, քաղաքականությունը չպետք է հիմնված լինի կրոնի վրա»,-հավելել է նախագահը:
«Եթե կրոնը ուղղակիորեն քաղաքական գործիք է դառնում, դա կարող մեծապես վնասել կրոնին»,-ասել է նա:
«Այդ իսկ պատճառով, Թուրքիան կրոնական կուսակցություններ չունի»,-Գյուլի խոսքերն է մեջբերում Անադոլու գործակալությունը:
Գյուլի այս կարծիքը շարունակությունն է սեպտեմբերին վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Եգիպտոսում հնչեցված այն հայտարարության, ըստ որի Եգիպտոսը չպետք է վախենա աշխարհիկությունից:
«Ես առաջարկում եմ Եգիպտոսին աշխարհիկ սահմանադրություն մշակել, որովհետև աշխարհիկությունը կրոնի թշնամին չէ»,-Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո Կահիրեյում ասել էր Էրդողանը: «Մի վախեցեք աշխարհիկությունից: Հույս ունեմ Եգիպտոսի նոր ռեժիմը աշխարհիկ կլինի»:
Գյուլը նաև խորհուրդ է տվել մահմեդականներին ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքները որդեգրել` նշելով, որ ժողովրդավարությունն ու Իսլամը չեն հակասում միմյանց: