Home / Տեսանյութեր / Այսօր մարտի 1-ի հետևանքով զոհված զինծառայողի ծնունդն է. հարցերը մնում են

Այսօր մարտի 1-ի հետևանքով զոհված զինծառայողի ծնունդն է. հարցերը մնում են

Այսօր 2008 թվականի մարտի 1-ին վիրավորված և 40 օր անց մահացած Տիգրան Աբգարյանը կդառնար 23 տարեկան:

Նա ծառայում էր Ոստիկանական հատուկ զորքերում, իսկ մինչ այդ սովորում էր  Երևանի պետական մանկավարժականի համալսարանում: Աբգարյանը 2-րդ կուրսից հետո գնացել է  բանակ: 2008 թվականի մարտի 1-ին մահացու վիրավորվել է Լեոյի փողոցում, 40 օր եղել է կոմայի մեջ և մահացել է ապրիլի 10-ին: Մի քանի ամիս առաջ էլ մահացել է Աբգարյանի հայրը:

Նշենք, որ Մարտի 1-ի դեպքերը քննող Փաստահավաք խումբն իր զեկույցում արձանագրել էր մի շարք թերություններ՝ կապված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքերի բացահահայտման հետ:

Փաստահավաք խումբը  պարզել էր, որ քննիչն անմիջապես չի գնացել հիվանդանոց` Տիգրան Աբգարյանի հագուստները առգրավելու համար։ Ավելին, կրակոցի արգասիքների առկայությունը պարզելու նպատակով քննիչը բժիշկների օգնությամբ տամպոններով չի վերցրել Տիգրան Աբգարյանի վնասվածքի, քթանցքերի, ականջների և դեմքի շրջաններից քսուքներ։

Հաշվի առնելով, որ հրազենային վնասվածքը Տիգրան Աբգարյանը ստացել է առջևից, քննիչի կողմից զննման ժամանակ չի նշվել, թե վնասվածքի հատվածին համապատասխանող` բաճկոնի առջևի հատվածում առկա են արդյոք արնանման կամ այրվածքի հետքեր։ Քննիչը չի մատնանշել նաև զննման արձանագրության մեջ օձիքի վրայի` իր կողմից նշված արնանման հետքերի տեղակայումը, դրանց չափերը, ինչպես նաև օձիքի վրայի մյուս երկու փոքր կլորավուն անցքերի չափերը։

 

Փաստահավաք խմբի ներկայացուցիչները նշել են, որ զննման արձանագրությունը ուսումնասիրելիս ծագում են հետևյալ հարցերը. ինչո՞ւ է քննիչը առգրավումը կատարել միայն մարտի 8-ին, այլ ոչ թե դեպքի օրը, ինչպե՞ս պատահեց, որ Տիգրան Աբգարյանի ձմեռային բաճկոնը հայտնվեց զորամասում, ո՞ւր են մնացած հագուստները, որոնք դեպքի օրը եղել են նրա հագին` զրահաբաճկոնը, զինվորական կիտելը և մայկան, ինչո՞ւ դրանք չեն առգրավվել և զննվել, ինչո՞ւ այս առնչությամբ որևէ քննություն չի իրականացվել։

Փորձագիտական եզրակացության մեջ բացակայում է կրակոցի հեռավորության վերաբերյալ որևէ նշում։ Մինչդեռ, դատաձգաբանական փորձաքննության հիմնական նպատակներից մեկը հենց կրակոցի հեռավորության որոշումն է։ Ունենալով մեկ 19×9 մմ չափերի վնասվածք` դրանից բացի, նաև երեքական շոշափող ու միջանցիկ վնասվածքներ, փորձագետը եզրակացության հետևության մեջ չի նշել դրանց քանակը, չափերը և դասավորվածությունը բաճկոնի օձիքի վրա։