«Մոզրովի» քարանձավի միակ փրկությունը շահագործումն է, քանի որ միայն այս կերպ հնարավոր կլինի պահպանել այն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը:
«Եթե քարանձավն անտեր է, ուրեմն տարբեր տերեր ունի` գյուղապետը տեր է, պահակը, մարզպետը, մարզպետարանի աշխատողը, երկրաբանը, ճարտարապետը` նույնպես: Քարանձավը պետք է սեփականատեր ունենա ու այնտեղ շուրջօրյա հսկողություն իրականացվի: Դառնալով ինչ-որ մեկի սեփականությունը` այն ցանկացած գնով կպահպանվի: Չե՞ք տեսել, այսօր սեփականատերերն ինչպես են կառչած իրենց ունեցվածքից», – ասել է Շահինյանը:
Նրա խոսքով՝ պայմանագիրը, որտեղ նշված է, թե ինչ պիտի անի բարեխիղճ շահագործողը, որպեսզի պահպանի այդ տարածքը, չորրորդ տարին է՝ Մշակույթի նախարարության սեղանին է:
«Պատճառաբանությունները տարբեր են, արդյունքում` ձգձգումներ են, ու հարցը մնացել է օդում կախված, հարց եմ տալիս, ո՞ր ձեռնարկատերը չորս տարի կսպասի ինչ-որ իշխանությունների քմահաճույքին, այդ փողը կվերցնի, կտանի Վրաստանում կներդնի, այնտեղ այնքան քարանձավներ կան:
Շահինյանի հավաստմամբ` Հայաստանի տարածքում գտնվող բոլոր քարանձավները պետք է դառնան մասնավոր սեփականություն, այլապես դրանց պահպանության մասին խոսք լինել չի կարող:
«Գնացեք Ավստրիա, Շվեյցարիա, էդ հրաշք անտառները բոլորը մասնավոր են: Պետությունն ասում է՝ քո մոտ կա 20 վայրի խոզ, գալու եմ ստուգեմ, նաև թույլ է տալիս բազմացնել 20 խոզն ու ընդունենք քանակը հասել է 40-ի՝ թողնում է, որ դրանց որսան, բայց մի պարագայում, եթե 20 խոզը պահպանվի: ԷԿՈ համակարգը պետք է պահպանվի: Երբ Վիեննայի կողքի անտառներում ես դա տեսա, ցնցված էի», – պատմել է Շահինյանն ու հավելել, որ իրենց անձավագիտության շատ բարեխիղճ աշխատողներից Սմբատ Դավթյանը արդեն երրորդ տարին է, ինչ տանջվում է «Մագիլի» քարանձավի համար, բայց ոչ մի արդյունք:
«Աբսուրդի վերջն է, ընդ որում` Մշակույթի նախարարությունը ամենաանհեթեթ պատճառաբանություններ է բերում, իսկ ժամանակը գնում է ու քարանձավները փլուզվում են, մարդիկ են զոհվում, մարդիկ են կորում», – նշել է Շահինյանը:
Լուսանկարները` Armenian Extreme Club-ի Facebook-ի էջից