Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», այսօր Ազգային ժողովում պնդել են, որ Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում քվեարկություն անցկացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագծի վերաբերյալ, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորների թիվը բավական չէ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ անցկացնելու համար:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ազգային ժողովից, ԱԺ նախագահությունը 20 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո պետք է այլ օրենքների թվում քվեարկության դրվեր նաև նշված նախագիծը: Մի քանի օրինագծերի քվեարկությունը կազմակերպելուց հետո, ԱԺ նախագահությունը որոշել է դադարեցնել քվեարկությունը, և տվյալ հարցին չեն հասել:
Ի պատասխան այդ որոշման, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ անգամ 20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահությունը նկատել է, որ անհրաժեշտ թվով մարդիկ չկան և միայն այդ պատճառով է որոշել հետաձգել քվեարկությունը: Նա նշել է, որ օրինագիծն ընդունելի չէ հասարակության համար:
«Այսինքն պարզ չէ՞, որ լավ օրենք չէ: Ինչի՞ եք ուզում անպայման զոռով անցկացնել: Թող հետ տանեն նորից», – ասել է Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը պատասխանել է, որ իրենց վերաբերմունքը որևէ օրենքի նկատմամբ պայմանավորված չէ, թե երբ են դահլիճ մտնում իր գործընկերները:
«Խորհրդարանի նախագահության խնդիրն է հարցերի հաջորդականությունը սահմանել, իսկ քվեարկությունը կկազմակերպենք այն պահին, երբ դա նպատակահարմար կհամարենք», – ասել է Նիկոյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ընդգծել է, որ մինչ այդ մյուս օրենքները քվեարկության հետ դնելու կապված խնդիրներ չեն եղել:
«Մեկ տասնյակից ավելի քվեարկություններ կազմակերպվեցին, և դուք չհետաձգեցիք դրանց քվեարկությունը: Դա նշանակում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»օրենքը ուղղակի վտանգված է, ոչ միայն ընդունման առումով, այլ նաև դրա հետագա գործունեության առումով: Ես հորդորում եմ ձեզ մեկընդմիշտ հրաժարվել այն քվեարկության դնելու մտքից և խորհուրդ կտամ խորհրդարանական մեծամասնությանը` հանդես գալ օրենքը հետ տանելու նախաձեռնությամբ», – ասել է Սաֆարյանը:
Նրան հակադարձել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ խորհուրդներ են տալիս նրանք, ովքեր խորհրդի կարիք ունեն:
«Ազգային ժողովի նախագահությունը գործում է իր շրջանակներում և չի նշանակում, որ եթե մի քվեարկություն կամ մի գործունեություն չի բխում այս կամ այն ուժի` լինի դա ընդդիմություն, թե իշխանություն շահերից, ուրեմն դա ԱԺ կանոնակարգի խախտում է: Դա չի նշանակում, որ եթե որևէ օրենք չի բխում ընդդիմության շահերից, ուրեմն դա հակաժողովրդական է», – ասել է ՀՀԿ-ականը:
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը անընդունելի է համարել Շարմազանովի խորհուրդների առումով ասածը:
«Շատ անընդունելի եմ համարում հենց այդ հիմնավորմամբ, որ երեկ ՀՀ նախագահը հետ կանչեց մի օրենք, որի նկատմամբ հասարակությունն ուներ միանշանակ բացասական վերաբերմունք: Մենք ընդգծեցինք, որ դա նախադեպ է, նա լսեց հասարակության կարծիքը: Հետևաբար գոնե օրինակ վերցրեք: Հասարակությունը միանշանակ դեմ է և դուք պարտավոր եք դրա հետ հաշվի նստել», – ասել է Բախշյանը:
Նշենք, որ, խոսելով հետ կանչված օրենքի մասին, նկատի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»օրինագիծը, որը երկրորդ անգամ այսօր մուտք էր գործել ԱԺ նրանից հետո, երբ ՀՀ նախագահն առարկություններ էր արել օրենքի վերաբերյալ: Այսօր օրենքն ընդունվել է առարկությունները հաշվի առնելով: