Եթե չեն հասկանում, թող մեր օրն ընկնեն․ խաբված ծնողները փակել էին Երևանի կենտրոնը
ՔՊ-ն գրավեց Ալավերդին․ գնահատականներ
Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ավագանու նիստ էր գումարել և անվստահություն հայտնել անցած տարի ընտրված համայնքապետ, «Ապրելու երկիր» (ԱԵ) կուսակցության անդամ Արկադի Թամազյանին։ Իրավապաշտպանները ահազանգում են՝ գործընթացը ուղեկցվել է ճնշումներով և վարչական լծակների չարաշահմամբ։ Ալավերդիում տեղի ունեցածը «Ապրելու երկիր» կուսակցությունը հեղաշրջում է որակում․ ընդդիմադիր դարձած ուժը մտադիր է դիմել դատարան։ ՔՊ-ից արդարանում են՝ «օգտվել են օրենքով տրված հնարավորություններից» և «իրացրել իրենց իրավունքները»։ Ոստիկանների միջամտությունը ընդդիմադիրները ապօրինի են որակում, իշխանությունները՝ համարում ճարահատյալ։ ի՞նչ է եղել «Ապրելու երկիրը» և «Քաղաքացիական պայմանագիրը» անցած տարվա ընտրություններում հավասար թվով մանդատներ էին ստացել։ Ընդամենը մեկ մանդատ ունեցող Հայ ազգային կոնգրեսն այն ժամանակ միացել էր ընդդիմադիր ուժին՝ ապահովելով մեծամասնություն։ Համայնքապետ էր ընտրվել ԱԵ կուսակցության անդամ Արկադի Թամազյանը։ Երեքշաբթի օրը Ալավերդու ավագանին նոր նիստ էր գումարել՝ Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով։ Նիստին մեծամասնություն ուներ արդեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վճռորոշ մեկ քվեն ապահովել էր «Ապրելու երկրի» արդեն նախկին անդամ Սիմոն Զախարովը։ Վերջինիս, ըստ տարածվող տեղեկությունների, քվեարկությանը մասնակցելու դիմած ՔՊ-ականները խոստացել էին Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը: Զախարովն այս տեղեկությունները հերքել էր։ Նիստին ներկա էր նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության կողմից առաջադրվել էր որպես համայնքապետի թեկնածու: Թե նա ինչ գործ ուներ այնտեղ՝ պարզ չէ։ Տեսագրություններում երևում է՝ ինչպես է պատգամավորը ակտիվ մասնակցում ՏԻՄ իշխանության աշխատանքին և ընդդիմադիրների հետ լեզվակռվին։ Արեն Մկրտչյանը Նիստին զուգահեռ՝ առավոտյան 8։00-ից, համայնքապետարանի մոտ հանրահավաք էին անում Արկադի Թամազյանի աջակիցները՝ «Ապրելու երկրի» անդամները, համայնքապետարանի աշխատակիցներից որոշները։ Նրանք փորձում էին խափանել անվստահություն հայտնելու գործընթացը։ Ինչ-որ պահի ներխուժել էին շենք, վեճի բռնվել ներսում հավաքված ՔՊ-ականների հետ։ Ցուցարարների մուքտը արգելելու համար շենքը շրջափակվել էր ոստիկանական ուժերով։ Ոստիկանները խոչընդոտել էին նաև գործող համայնքապետի և նրա թիմակիցների՝ ավագանու անդամների մի մասի մասնակցությունը նիստին։ Ոստիկանությունից հայտարարել էին, թե սահմանափակումը ուղղված է ՔՊ ավագանու անդամների անվտանգության ապահովմանը։ Արկադի Թամազյանը Համայնքապետին անվստահություն հայտնելու համար ներկայացած ավագանու անդամները, ի դեպ, նիստերի դահլիճում հայտնվել էին ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։ Մինչ այդ, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ-ականները ճնշումներ են գործադրել նաև ավագանու իրենց իսկ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը ստիպված է եղել մանդատը վայր դնել, քանի որ համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին։ Դավիթ Ղումաշյանը՝ ձախից, Մեսրոպ Առաքելյանը՝ աջիցմ, մեջտեղում քվեախցիկն է Այս ամենի արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար, Շնող համայնքի նախկին ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ ո՞վ է մեղավոր Ընտրական և ժողովրդական գործընթացները մշտադիտարկող 10 իրավապաշտպան կազմակերպությունները Ղամաշյանի ընտրությունը ոչ օրինական են գնահատել և դիմել իրավապահ մարմիններին՝ ոստիկանների գործողությունները, ճնշումների մասին հաղորդումները, ՏԻՄ օրենսդրության խախտումները քննության առարկա դարձնելու պահանջով։ Ալավերդիում իշխանությունից զրկված «Ապրելու երկիր» կուսակցությունը հրաժարվել է ընդունել նիստի արդյունքները։ Կուսակցությունը դիմելու է դատարան։ «Ոչ թե մեծամասնություն է ձևավորվել, այլ ոստիկանական զորքերի կողմից հեղաշրջում է տեղի ունեցել», - մեկնաբանել է կուսկացության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որին ոստիկանները հեռացրել էին նիստերի դահլիճից՝ քվեատուփը վերցնելուց հետո։ Մեսրոպ Առաքելյանը Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» առարկել է, թե իրենք օգտվել են օրենքի տված հնարավորությունից ու անվստահություն հայտնել քաղաքապետին՝ «ՔՊ խմբակցությունը Ալավերդիում ընդդիմություն էր, և ընդդիմության գործունեության իմաստը իշխանության գալն է՝ քաղաքական տրամաբանության մեջ», «դա շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով»: Պատգամավոր Արեն Մկրտչյանը, որ մասնակցում էր ավագանու նիստին և վիճում պաշտոնանկ արված քաղաքապետի հետ, ասել է, թե իրենք ստիպված են եղել դիմել ոստիկանների միջամտությանը: «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը ․․․ ֆրակցիայի իրավունքն է, ավագանու անդամի իրավունքն է: Նիստի օրը առավոտյան ժամը 8-ին Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք, հանրահավաքի ընթացքում փորձ է արվել հանրահավաքի մասնակիցներին հրավիրել շենքի ներս, մուտքերը փակել, խոչընդոտներ ստեղծել ավագանու անդամների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում։ ․․․Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ։ Գիտեք, որ անվստահության հարցի ժամը կարգավորվում է օրենքով, այսինքն՝ եթե ժամը 10-ին ավագանու անդամները չկարողանային լինել դահլիճում, հիմա էլ ասելու էին՝ ժամը 10:20 է նիստը տեղի ունեցել, ուրեմն ապօրինի է։ ․․․Քվեատուփ, քվեախցիկ, քվեաթերթիկներ դրված չեն եղել, համայնքապետարանի աշխատակազմից որևէ անդամ չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը, բոլորը հանրահավաքի են եղել: ․․․Եվ ամենակարևորը՝ ներս են խուժել Ալավերդու համայնքապետը, «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, շրջել են քվեատուփը քվեարկության ընթացքում, դուրս են թափել քվեաթերթիկները, այսինքն՝ քվեարկված 12 քվեաթերթիկ տեղում դարձել է անվավեր», - ասել է Մկրտչյանը։ Ստեղծված պայմաններում, ըստ նրա, ՔՊ-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ «կոչ անելով ապահովել իրենց իրավունքների անխոչընդոտ իրացումը»։ Մրկչտյանի կարծիքով՝ իրենց կողմից ապօրինություններ չեն եղել։ «Ապրելու երկիր» կուսակցությունն մինչ այդ ընդունել է, որ կորցրել է մեծամասնությունը, և առաջարկել նոր ընտրություններ անցկացնել։ ՔՊ-ն հրաժարվել է։ Թե ինչ է լինելու հետագայում՝ կորոշի դատարանը։ բանավեճ «Հանգուցյալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում ամեն ինչ իր ուզածով էր կառավարում, իր ուզած մարդուն քաղաքապետ նշանակում, ՏԻՄ ձևավորում: Հա, նաև ԱԺ պատգամավոր էր: Բայց գոնե գեներալի կոչում ուներ: Բա հիմա Արեն Մկրտչյանը միայն ԱԺ պատգամավոր է, գոնե գեներալ չի, որ ասես, դե որպես գեներալ է նաև փորձում ձևավորել կամ իր ուզած քաղաքապետին տեսնել Ալավերդում», - ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտապան Արթուր Սաքունցը՝ առանց մանրամասնելու, թե ինչ կապ ունի խնդրո առարկա գործընթացի հետ գեներալի կոչումը։ Պատգամավոր Արեն Մկրտչյանը պատասխանել է․ «․․․Խնդրում եմ ասեք՝ անվստահություն հայտնելու մեջ՝ պահելով ՏԻՄ օրենքի տառը, ի՞նչ խնդիր եք տեսնում։ Ի՞նչ խնդիր եք տեսնում, երբ ավագանին օգտվում է իր իրավունքից։ Թե՞ ավագանին իր իրավունքներն իրացնելուց առաջ պետք է մտածի՝ Արթուր Սաքունցին դա դուր կգա՞, թե՞ ոչ»։ Սաքունցը արձագանքել է․ «ԱԺ պատգամավորի լիազորության մեջ է մտնո՞ւմ ավագանու նիստի կազմակերպումը, ոստիկանությանը հրահանգ տալը, թե ում հեռացնեն կամ չհեռացնեն։ Դեռ մի բան էլ հակադարձում ե՞ք ու փորձում տեղափոխել իմ անձնական վերաբերմունքի դա՞շտ <․․․>»։ «<․․․> Ինչ վերաբերում ա նիստ կազմակերպելուն, հրահանգներ տալուն՝ լիակատար սուտ է։ Ավագանու նիստը նախաձեռնել, կազմակերպել ու վարել է ավագանին, ոստիկաններին հրահանգներ տվել են իրենց վերադասները։ ԱԺ պատգամավորն իրավունք ունի նիստին ներկա լինելու, ինչը և արել եմ։ Իսկ իմ հարցերը մնացին անպատասխան։ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդված կա, ավագանուն իրավունք ա տալիս անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին, ու կներեք, որ ավագանին իր իրավունքներն իրացնելիս Ձեր թույլտվությունը չի հարցրել <․․․>», - պատասխանել է Մկրտչյանը։ Սաքունցը հավելել է՝ «ավագանու իրավունքը չի վիճարկվում, այլ իրականացման ձևը և վարքագիծը, որը ամբողջությամբ խայտառակություն էր ու հակաժողովրդավարական, որը հենց իրավունքի ոտնահարում է»։ հիշեցում Անցած տարեսկզբին էլ «Ապրելու երկիր»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը իշխանությունը չէին կիսում Փարաքարում։ Թեև Մանե Թանդիլյանի կուսակցությունը 4 հազար 600-ից ավելի ձայն էր ստացել, սակայն միավորվեցին կրկնակի քիչ քվե աստացած «Քաղաքիական պայմանագիր»-ն ու նախկին համայնքապետի դաշինքը՝ դարձյալ մեկ մանդատի առավելությամբ վերցնելով իշխանությունը։ Մինչ այդ կասկածելի գործընթաց էր եղել նաև Թալինում՝ ճնշումների ներքո ՔՊ-ն հասել էր ընդդիմադիր քաղաքապետի հրաժարականին և յուրայինի ընտրությանը։ Հարցերի տեղիք էին տալիս նաև Վանաձորի, Գորիսի և մի շարք այլ համայնքների հետընտրական պրոցեսները։
Մանկատան մեկուսարանը լավը չէր․ չհայտարարված այց
Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյան չէր վարվում:
Բեռնի կոնվենցիա․ դադարեցնել Ամուլսարում աշխատանքները և նոր ՇՄԱԳ իրականացնել
Լրագրողների և անկախ փորձագետների դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված․․․
Հանգույցներ
- Ոչ թե տեքստն էր հետաքրքիր կրկնօրինակել, այլ շարժումը՝ ոնց է ձեռքը սահել սեղանի վրայով։ Երբ որ տառերը դեռ չգիտես, բայց գրում ես ընդօրինակելով։ Մենք հավատում էինք, որ գրում ենք։ Բայց իրականում նկար էր դառնում։
Բանակ, խաղաղություն, «Արևելյան Զանգեզուր»․ ՀՀ և ԱՀ գալիք ծախսերը
- Ստիպված է ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պարտությունից․․․
Հայաստանյան պետա-լրատվական խարան․ վերլուծվել է 5064 հրապարակում
Այս հրապարակումները փաստացի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դրսևորումներ են։
Որոնվում է 35-ամյա Աննա Հայրապետյանը
Խնդրում են զանգահարել 010 42 02 02, 096 66 13 13, 094 44 44 35, 094 08 41 40, 102 հեռախոսահամարներով, նշված է ոստիկանության հաղորդագրությունում:
«Բացատրական աշխատանքներից հետո» ցմահ բանտարկյալները դադարեցրել են հացադուլը
Կալանավորներ Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան...
«Արցախի վաճառքի ակունքներում» կանգնածը մեկ այլ հայտնի իրավապաշտպան է՝ Միքայել Դանիելյանը
Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին ց՛այսօր վազգենմանուկյանականներն Արցախը ծախելու մեղադրանք չեն ներկայացրել։
Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին
Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլիչևան արդեն կես տարի է անազատության մեջ է։ Նրան ձերբակալել են հունիսի վերջին, երբ պարեկները «բարձր ձայնի» պատրվակով...
Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել, որովհետև ահավոր է
«Սևանի» բանտում 7 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտիների պայմաններից, նոր օրենսգրքից, վերասոցիալականացման ծրագրից և պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ընթացակարգերից, որոնք «ցմահների» համար չեն գործում և կիրառվում են «խտրական եղանակով»։ Հացադուլը ներկայացվում է որպես աջակցություն ցմահ դատապարտյալներից մեկին, որին բանտի ղեկավարությունը տեղափոխել է այլ անվտանգային գոտի։ Հացադուլավորները՝ «Սևան» ՔԿՀ-ում պահվող Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան Ներսեսյանը, դիմում են գրել, որը ուղարկվել է Հայաստանի վարչապետին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին և Սևան» ՔԿՀ պետին։ «Հայտնում ենք Ձեզ, որ մենք՝ ցմահ դատապարտվածներս, բախվել ենք մի խնդրի, որը հանդիսանում է ինստիտուցիոնալ, հետևանք է ՀՀ Սահմանադրության խախտմամբ օրենքների և որոշումների տարաբնույթ մեկնաբանման, թերի կատարման կամ չկատարման, խտրական եղանակով կիրառման: ՀՀ Կառավարության կողմից մշակված քաղաքականությունը և ռազմավարությունը, որը ուղղված է մեր վերասոցիալականացմանը՝ «ռեժիմների» և անվտանգային գոտիների փոփոխման եղանակով մեզ հասարակություն վերաինտեգրելուն, չի գործում կամ գործում է թերի, վերապահումներով, կամայականորեն», - գրված է դիմումի մեջ։ Քրեակատարողական նոր օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Նույն օրենսգրքի նույն հոդվածի հաջորդ՝ 3-րդ մասի համաձայն «պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն»։ Ըստ դատապարտյալների՝ օրենքը կիրառով մարմինները առաջնորդվում են 2-րդ մասով, մինչդեռ 3-րդ մասը փաստացի չի գործում, ինչը «հակասության մեջ է մտնում մայր օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Բացի Սահմանադրության 73-րդ հոդվածից, իրավակիրառ մարմինները այսկերպ, ըստ հացադուլավորների, խախտում են նաև Մայր օրենքի 5-րդ, 6-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածները։ «Նախկին Կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմանները, ըստ քրեակատարողական օրենսգրքում գրվածի, չեն տարբերվում Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից և Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից, իսկ այս վերջին երկուսը իրարից տարբերվում են ընդամենը տեսակցությունների քանակով, և այդ երկու գոտիներում գտնվող դատապարտյալները կալանքը կրում են նույն ՔԿՀ-ում: Սակայն եթե նախկինում Կիսաբաց ուղղիչ հիմնարկից Բաց ուղղիչ հիմնարկ մեկ քայլ էր բաժանում, ապա հիմա Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ անցումը բաժանում է Ցած անվտանգային գոտու խիստ պայմանները․ այս վերջին տարվա փորձը ցույց տվեց, որ 95-րդ հոդվածի 7-կետն էլ է անորոշ (օրինակ այստեղ որոշ մարդիկ 10 ամսից ավելի է արդեն սպասում են, որ իրենց կտեղափոխեն Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ): Եթե նախկինում մեկ մարմին էր գործում՝ ռեժիմը կամ անվտանգային գոտին որոշելու հարցում, ապա այժմ ամեն ինչ բարդացավ՝ ավելացավ նաև Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը», - գրված է հացադուլավորների դիմումի մեջ։ Դիմումի մեջ ներկայացված է մեկ ցմահ դատապարտյալի պատմությունը։ Տեղաբաշխման հանձնաժողովի 26.08.2022 թ-ի թիվ 1764 որոշմամբ, համաձայն նոր քրեակատարողական օրենսգրքի 170 հոդվածի, «Սևան» ՔԿՀ պետի 02.09.2022 թ-ի որոշման համաձայն՝ նրան տեղափոխել են ՔԿՀ միջին անվտանգային գոտի․ «Ինձ արհեստականորեն հեռացրեցին բաց կալանք տեղափոխվելու հնարավորությունից», - մեկնաբանել է դատապարտյալը։ Նոր քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա Արդարադատության նախարարի N 548-Ն հրամանով ընդունված չափանիշներից առաջինը, ըստ դիմումի հեղինակի, սահմանում է, որ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը իր եզրակացությունը կազմելիս պարտադիր պետք հաշվի առնի անձի կատարած հանցագործության բնույթը, դրա հանրային վտանգավորության աստիճանը։ Ցմահ դատապարտյալների դեպքում խոսքը, բնականաբար, ծանրագույն հանցագործությունների մասին է, ինչը չափազանց բարդացնում, «նույնիսկ փակուղային է դարձնում» դրական դատապարտյալ գնահատվելու հնարավորությունը: «Պարադո՛քս` մի կողմից քրեակատարողական օրենսգիրքը տալիս է հնարավորություն (հոդված 69.2. Դատապարտյալը կարող է տեղափոխվել`1) ցածրանվտանգայինգոտի, եթե`գ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում` նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո.), իսկ մյուս կողմից առկա է ՀՀ արդարադատության նախարարի նոր հրամանը, որը բացառում է դառնալ «դրական դատապարտյալ»: Դրական բնութագրվելով և դրա համար Արմավիր ՔԿՀ-ում ստանալով խրախուսանք, ես տեղափոխվելով (առանց իմ կարծիքը հարցնելու) «Սևան» ՔԿՀ, 1 ամսում առանց փաստական պատճառի դարձա անձ, որի մոտ դեռ պետք է ձևավորել դրական վարքագիծ: ՔԿՀ-ի բոլոր բաժինները իմ վերաբերյալ բացասական գնահատական տվեցին: Իսկ Առաջին ատյանի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, հիմնվելով այդ գնահատականը տվող մարմինների ճշմարիտության, կոմպետենտության, անաչառության կանխավարկածի վրա, իմ բողոքները մերժեցին: Մինչ այսօր ես շատ եզրակացություններ եմ կարդացել, նրանցում չկա գեթ մեկը, որում հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունենա եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք: Այս փաստը նույնպես շատ բան է նշանակում: Սա ի՞նչ է նշանակում: Կամ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորություններից և պարտականություններից դուրս և օրենքով չսահմանված, անօրինական գործողություններ և անգործություն, ինչի հետևանքով կայացվել են որոշումներ, որոնք պատճառաբանված և հիմնավորված չեն, նաև անօրինական են և ոչ իրավաչափ: Կամ էլ խնդիրը հենց օրենքի՝ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ ԱՆ 09.09.2022 թ-ի N 548-Ն հրամանի մեջ է: Որոնց հակասահմանադրական բնույթի հիման վրա ստեղծվել է մի կառույց, որի որոշումները բողոքարկման ենթակա չեն, այսինքն դատական վերահսկողությունից դուրս են և ես իմ Վճռաբեկ բողոքում բարձրացրել էի այդ հարցը՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ վիճարկել վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի և տեղաբաշխման Հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշումը այն պարագայում, երբ այն չի համապատասխանում անձնական գործում առկա տվյալներին, թե՞ նրանց կարծիքը՝ եզրակացությունը անսխալական չափորոշիչ է: Այսինքն տվյալ հիմք-որոշումը սուբյեկտիվ է, թե՞ օբյեկտիվ, ենթակա է կամայականության թե՞ ոչ: Ինչպես նաև ես ակնկալում էի Վճռաբեկ Դատարանից, որ նա կկայացնի այնպիսի որոշում, որը որոշիչ ուղեցույց կդառնար այն կարգի հարցերի լուծման համար, երբ իրար են բախվում հին և նոր քրեակատարողական օրենսգրքերի բարենպաստ և վատթարացնող դրույթները: Սակայն նրանք իմ բողոքը վարույթ չվերցնելով, այդ հարցերը թողեցին անպատասխան։ Մենք, հայտնվելով նոր անբարենպաստ պայմաններում և մեկ տարուց ավել ապրելով և կատարելով նոր «խաղի»՝ քրեակատարողական օրենսգրքի կանոնները, միևնույնն է մնացինք նույն ծակ նավակով, այս ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չեղավ, ես միայն դեգրադացվում եմ, ուրիշ ոչինչ, և սա ուղիղ պատճառահետևանքային կապ ունի նոր օրենսգրքի հակասահմանադրական բնույթի հետ, եթե նա կտրված է բարի արմատից, ապա և չի կարող բերել բարի պտուղներ: Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչ օրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից: Իրականությունը այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա իմ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն, այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում են հայտնում, թղթի վրա՝ առանց հիմնավորելու, իմ հանցանք կատարելու բարձր-ցածր հավանականությունն են որոշում, կարծիքներ են իմ մասին կազմում՝ ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ՝ կատարած հանցանքի բնույթը) կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն, և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում», - գրել է ցմահ դատապարտյալը։ Նա և նրան միացած մյուս ցմահ դատապարտյալները որոշել են դիմել բողոքի ծայրահեղ միջոցին․ «Հերթական անգամ մեր վրա նոր օրենքներ փորձարկեցին, որոնք ձախողվեցին, ինչպես այդ ոլորտի որոշ մասնագետներ են հավաստում», «այդ ամենը կատարվեց և շարունակվում է մեր կյանքերի հաշվին», «մենք այս տարվա մարտ ամսին և մինչ այդ բարձրացրել էինք այս խնդիրների լուծման անհրաժեշտության հարցը, որը մնացել էր անպատասխան»։ «Հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ակնկալելով, որ այս հարցի հանրայնացնումը միգուցե կստիպի, որ իրավասու մարմինների՝ այս նոր քրեակատարողական օրենսգիրքը գրողների և կիրառողների համար վերը բարձրացրած հարցերը նույնպես կդառնան օրհասական և անօրինականության սառույցը կսկսի հալվել: Պահանջում ենք հարցին արմատական լուծում տվող պաշտոնյաների հետ հանդիպում», - գրել են դիմումի հեղինակները։