Հայաստանում 2024-ի պետական բյուջեի փոփոխված նախագծով պաշտպանության նախարարության գծով ծախսերը կկազմեն 554 միլիարդ դրամ՝ 7 տոկոսով գերազանցելով 2023-ի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Արդյունքում՝ 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5, 3 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ նվազելով 0, 3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր 47,3 մլրդ դրամի չափով։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024-ի բյուջեով կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը՝ միաժամանակ վստահեցնելով՝ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության։
Ըստ վարչապետի՝ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «ստիպված է ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում»։
Նա Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում»։
Դեկտեմբերի 5-ին Միլի Մեջլիսը ընդունեց 2024 թվականի պետբյուջեն 2,59 մլրդ մանաթ (1,5 մլրդ․ դոլար) դեֆիցիտով։ Նախատեսվում է 34,173 մլրդ մանաթ (20 մլրդ դոլար) եկամուտ և 36,763 մլրդ մանաթ (22 մլրդ դոլար) ծախս։ Եկամուտները հաշվարկվում են ելնելով նավթի միջին՝ մեկ բարելի (159լ) համար 60 դոլար գնից։
Պաշտպանության և անվտանգության ոլորտին տրամադրվելու է 6,4 մլրդ, կրթությանը՝ 4,5 մլրդ, սոցիալական ապահովմանը՝ 4,5 մլրդ, համապետական նպատակների համար՝ 4,8 մլրդ, ագրոարդյունաբերական համալիր՝ 1,1 մլրդ, տնտեսական գործունեությանը՝ 7,9 մլրդ, մնացածը՝ այլ նպատակների համար։ Պետական պարտքի սպասարկմանը կհատկացվի 1,972 մլրդ մանաթ։
4 միլիարդ մանաթ կծախսվի «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում վերականգնողական և շինարարական նախագծերի» վրա։