Ազգային ժողովը ձայների 94 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականին։ Դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, որ կողմ կքվեարկի, սակայն մինչ այդ քննադատությամբ էր հանդես գալիս։
ՀՀ կառավարությունը փայլուն է կատարել իր աշխատանքը, մակրոտնտեսական առումով գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։ Այս մասին բյուջեի կատարողականի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանելով քննադատություններն այն մասին, թե կառավարությունը անհրաժեշտ արագությամբ բարեփոխումներ չի անում, նախկին լրագրողը նկատեց՝ 90-ականներից, երբ ակտիվ լուսաբանում էր քաղաքական կյանքը, մի տպավորություն ունի, որ արագ ռեֆորմները նշանակում են ձախողված ռեֆորմներ․ «1990-ականների սկզբին իմ աչքի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի՝ պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու և ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանում, և այդ ռեֆորմները մինչ այսօր իրականություն չեն և Հայաստանը մինչ օրս կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանր հետևանքները»։
Տվյալ քննադատություններն, ըստ նրա, որպես աշխարհայացքային ընկալում և ոչ թե քննադատություն հիմնավոր են։
«Ես ուզում եմ անկեղծ խոստովանել․ այո, մեր քաղաքական թիմն այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևակերպել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների։ Այսինքն շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»։
Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգում բարեփոխումների մասին քննադատություններին, վարչապետն ընդգծել է՝ այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ․ «Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրանցնելու։ Անցյալ տարի Հայաստանում, թերևս, առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթում եղել է «նեդաբոռ», այսինքն՝ եղել են տեղեր, բայց պատշաճ հավակնորդներ չեն եղել։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով, եկեք մեզ դնենք պոտենցիալ հավակնորդների տեղը․ գիտեն, որ կաշառք պիտի չվերցնեն, հակառակ դեպքում՝ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով չպիտի զբաղվեն, հակառակ դեպքում կբացահայտվեն և կպատժվեն, գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման և այսպես շարունակ։ Հիմա դուք ձեզ հարց տվեք․ այս պայմաններում ո՞վ կուզենա լինել դատավոր։ Սա կարևոր է, որովհետև երբ ասում ենք «դատավորների աշխատավարձ», սկսում են հիշել կոռումպացված դատավորներին։ Ոչ, խոսքը նրանց մասին չէ, մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն սկզբունքային, ողնաշար ու հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ, և այս կյանքի մասնագետներն այսօր մասնավոր սեկտորում ստանում են 200 հազարից ավելի աշխատվարձ։ Ո՞նց խնդրենք, բերենք դատավոր։ Իմ հավատը եղել է և է, որ առանց այս խնդրի լուծման մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ։ Բարձր պրոֆիլի մասնագետը գա դատավոր աշխատի և չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարե՞լ»։
2018 թվականին կառավարությունը չէր կարող նման քայլի գնալ, քանի որ այն այսօր էլ չի ընկալվի, թեպետ բյուջեն նման հնարավորություն ունի։ Փաշինյանը դա բացատրել է նրանով, որ հանրությունը չի հասկացել, թե ինչու է դա արվում, սեփական մաշկի վրա դրա անհրաժեշտությունը չի զգացել․ «Մեր ընկալումն այն է, որ միջազգային դոնորները Հայաստանին այս հարցում կաջակցեն, մենք երկու-երեք տարի նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կբարձրացնենք, դա մեր բյուջեի վրա ազդեցություն չի ունենա, այդ ընթացքում հանրությունը, ընդդիմությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, դա բխում է բոլորիս շահերից, և այդ ժամանակ առանց դիմադրության հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից տրամադրել այդ գումարը, պայմանով, որ մեզ պետք է անկախ դատական համակարգ»։
Նույն պատճառով կառավարության կառուցվածքի փոփոխությունը տևեց 6-7 ամիս․ «Սկզբնական շրջանում շատ մեծ ալեկոծություն առաջացավ, թե այս ինչ է տեղի ունենում։ Բայց կառավարության կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ հանդարտ ու առանց ցնցումների։ Ուզում եմ արձանագրենք, որ պետք չէ մի տարվանից ակնկալել 30 տարվա խնդրիների լուծումներ»։
Վերջին մեկ տարվա ամենակարևոր մարտահրավերն էլ, վարչապետի գնահատմամբ, ինֆորմացիոն դաշտի վերնագրերն ու պնդումներն են։ Ըստ նրա՝ երբեմն թվում է, որ այդ վերնագրերից հետո վարչապետի աշխատասենյակի պատուհանից դուրս նայես՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր ես տեսնելու, մեկը մեկից ինչ-որ բան է խլում, մեկը գալիս պաշտպանում և այլն։ «Սա՛ է հիբրիդային պատերազմը, սա պատերազմ է կոնկրետ։ Կարդացեք վերանգրերը, և եկեք դուրս գանք փողոցներ, գնանք գյուղեր։ Այո, կան խնդիրներ, և դրանք լուրջ են, բայց շատ կարևոր է, որ դրանց լուծման բանաձևը դնենք մեր գործողությունների հիմքում։ Սիրելի հայրենակիցներ, ՀՀ-ում քսան և ավելի տարի գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետևյալը՝ քաղաքացուն ասել են՝ սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, առ քեզ ձեթ, ատամներդ նայելո՞ւ են, հեսա կուսակցական խմբակները կգան, ձեր գյուղ ատամնաբույժ կբերեն, և քեզ կգրանցեն իրենց ցուցակում։ Քեզ բիզնե՞ս ա պետք, առ քեզ բիզնես, փո՞ղ ա պետք, առ քեզ փող, բայց իմացի, որ դու չունես քաղաքացիական ինքնություն, ինքնուրույնություն, դու ընդհանրապես ոչ մի բան ես, դու չես կարող ստեղծել ոչ մի բան, մենք կաշխատենք, մենք կստեղծենք, մենք սուպերմեններ ենք, դուք ընդամենը մեզ սպասարկելու համար եք»։ Փաշինյանը շեշտեց, որ հեղափոխության ամբողջ իմաստն է՝ ներկա ինշխանության անդամները ՀՀ ամեն քաղաքացու ասում են՝ դու բացառիկ տաղանդ ես, դու պոտենցիալ հանճար ես, և իշխանության դերը ոչ թե քո արժանապատվությունը նվաստացնելով քեզ իրենց թալանածի փշրանքները շպրտելն է, այլ հավատ ներշնչելն է քո տաղանդի, քո ուժի, քո անձնական իշխանության հանդեպ, և կառավարության փիլիսոփայությունը, դերակատարումը սրա մեջ է՝ քաջալերել ամեն քաղաքացու, որ նա հավատա իր ուժին։ Փաշինյանի կարծիքով՝ այդ փիլիսոփայությունն աշխատում է և աշխատելու է։