ՍԴ դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը ճեպազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո․
– Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Ես չեմ ընտրվում և երդում տալիս, որպեսզի որևէ խմբավորման ներկայացուցիչ լինեմ այնտեղ։ Դուք հիշում եք՝ անցյալ տարվա Սահմանադրական դատարանի անդամներից մեկի ընտրության ժամանակ քննարկումների ողջ կոնտեքստը վերաբերում էր այն հարցին, որ մենք ձեզ այստեղից գործուղում ենք, դուք գնում եք, մենք ամենօրյա կապի մեջ կլինենք․․․ Սա բացառվում է իմ դեպքում, որովհետև ես նախապես իմ բոլոր նախկին, այս պահի դրությամբ դեռ գործող վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ ես չեմ գնում հին ավանդույթները շարունակելու համար, ինձ դա պետք չէ։
Լրագրող․ – Գաղտնալսման մեջ ձեր անունն է, չէ՞, հնչում։
– Այո, Վահեն ես եմ։
Լրագրող․ – Այնտեղ ասում են՝ մեր Վահեին կասենք, մի երկու բան կգրի․․․ Այսինքն՝ էլի պատվերի բանը կա։
– Այնտեղ այդպիսի բան չեն ասում․․․
Լրագրող․ – Մոտավոր, ես հիմա շատ աղոտ եմ հիշում։
– Այսպես ասեմ․ այնքան է որոշ շրջանակներից մամուլը դա պտտել՝ որոշ մեկնաբանություններով, որ ոչ միայն ձեր, այլ շատերի մոտ «մոտավոր» այդպիսի տպավորություն է ստեղծվել։ Հիշեցնեմ. ասում է` Վահեն է գալու, ինչ-որ բան պիտի գրի։ Իրականում, ես ոչ մի բան չպիտի գրեի, որովհետև այդ ամենը գրած կա։ Ես չեմ կարող այդ ամենը գրել․ դա լայնածավալ գրականություն է, որ փոխանցել եմ իրենց։ Հիմա մյուս կողմի պաշտպանների ձեռքին է ամբողջ քրեական գործը, իրենք կտեսնեն՝ ինչ գրականության մասին է խոսքը։ Դա մեր առարկություններն էին Եվրոպական դատարանին ներկայացված։ Եվ երկրորդ մասը այդ կապակցությամբ․ ձեր այդ ասած տպավորությունները տարածողների մոտ, ըստ երևույթին, իրենց պրակտիկայում երբեք ընդունված չի եղել, որ փաստաբանը՝ զուտ լինելով անհատ, ինդիվիդուալ փաստաբան, կարող է իր պահանջները թելադրել՝ թե Հատուք քննչական ծառայությանը, թե դատախազությանը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտվելիս։ Դա իմ հստակ դիրքորոշումն է եղել՝ տուժողներիս վերաբերյալ քննարկումները, խնդիրները հրապարակայնացնելը։ Դա միայն իմ խոսելու, միայն իմ ներկայացնելու հարցն է, և ես հենց այդպես էլ արել եմ։
Լրագրող․ – ԱԴ-ն ապաքաղաքական մարմին է։ Դուք վստա՞հ եք, որ ձեր քաղաքական հայացքները չեն խանգարելու ձեզ հետագայում։
– Նախ՝ եկեք արձանագրենք մի բան․ Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը՝ նույնիսկ դատավորի համար։ Այլ խնդիր է, թե որքանով են այդ քաղաքական հայացքները ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես չեմ կարող դրանք չունենալ։ Դրանց մի մասը ես նաև բարձրաձայնել եմ։ Սահմանադրական դատարանը ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, կներեք, բայց այս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Սահմանադրական դատարանն է։ Ի վերջո, ընտրությունների արդյունքները․․․այսինքն, թե ժողովուրդի կողմից իշխանությունը ում է վստահվել։ Վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է։
Լրագրող․ – Ձեր հայացքները ձեզ չեն խանգարի, որպեսզի, օրինակ, եթե իշխանության որևէ ներկայացուցիչ, ասենք, փորձի, օրինակ, զանգով արդարադատություն իրականացնել, դուք ասեք՝ չէ․․․
– Ես ուզում եմ մի բան հստակ արձանագրել․ անցած տարիների, տասնամյակների ընթացքում ընդհանրապես դատավորների կերպարը, դատավորների վերաբերյալ ձևավորված հանրային ընկալումը այնպիսին է, որ դատավորներին հնարավոր է զանգել, նրանց ասել, և ես գիտեմ, որ դա պրակտիկա է եղել։ Ես նաև Ազգային ժողովում եմ շատ հստակ արտահայտվելու․ ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը, և ես երբեք չեմ արդարանալու, որ ճնշման տակ եմ եղել։ Որ պահին ես ճնշման տակ եմ, ես այլևս դատավոր չեմ լինի, եթե ես ընտրվեմ դատավոր։ Այսինքն՝ դատավորները արդարանալու ոչինչ չունեն։
Այս վերջերս նաև քննարկվում էր դատական իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու հարցը։ Այդ ամենը ծիծաղելի է։ Եթե գործադիր իշխանության ղեկավարի մի կոչով ճնշում կարելի է գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է այդ դատական իշխանությունը։ Պիտի դրա վրա կենտրոնանանք։
Լրագրող․ – Տեղեկություններ կան, որ դատարանների դռները փակելու գործընթացի այսպես ասած միտքը դուք եք տվել իշխանություններին կամ․․․նորմալ եք համարո՞ւմ, որ, ըստ էության, հանրահավաք իրականացվի դատարանի դիմաց։
– Բացարձակ։ Ապահով հեռավորության վրա միայն․․․ցանկացած հավաք։ Այն մասին, որ գաղափարը ես եմ տվել․ ոչ, դա իմ ոճը չի։ Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չի հաստատ։
Լրագրող․ – Երբ ձեր մուտքը, երբ ՍԴ դատավոր ընտրվեք, խոչընդոտեն, դուք ի՞նչ կանեք։
– Առաջին հերթին ես խոսելու եմ մարդկանց հետ։ Ես ուզում եմ հստակ լինի սա բոլորի համար։ Դա պրակտիկա չի եղել Հայաստանում։ Այդպիսի պրակտիկա չկա, մարդիկ ամեն օր չեն գնում դատավորներին խանգարում, որպեսզի նրանք մտնեն իրենց տարածքներ կամ գնան աշխատանքի։ Սա վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունք է։ Ես մեծ հաշվով դրա մեջ հնարավորություն եմ տեսել նաև, որպեսզի դատավորները սկսեն խոսել մարդկանց հետ։ Ոչ մի սխալ բան չկա։ Ես նաև պիտի ողջունեմ դատավորների այն մեծամասնությանը, որոնք այդ ամենից չեն սարքել մի մեծ գլուխցավանք իրենց համար և իրենց չեն դրել հալածյալի կերպարի մեջ, որ, չգիտեմ, եկել են, դռները փակել են և այլն։ Ըմբռնումով են մոտեցել այս ամենին։ Այնուամենայնիվ, կան դատավորներ, որոնք սուր են ընդունել, ես իրենց էլ չեմ քննադատում դրա համար։ Լսեք, բայց դարձնել այդ մի ակցիան․․․համեմատ երկուսուկես տասնամյակ անկախ ու արդյունավետ դատական իշխանություն չունենալու իրողության հետ․․․ սա մոտավորապես նախկինը արդարացնելու պես բան ա։
Լրագրող․ – Երբ ասում եք, որ ՍԴ-ն ամենաքաղաքական որոշումներն է կայացրել, ասյինքն մինչ այս ընտրությունների արդյունքերի հաստատումը եղել է քաղաքական պատվերի իրականացում, այլ ոչ իրավական, նորմալ դատական արդարադատություն․․․
– Քաղաքական ասելով, ես նկատի չունեմ իշխանությունների պատվերը։ Դա բնույթով քաղաքական որոշում է։ Այսինքն, քաղաքական բառը իր մեջ բացասական երանգ չունի այդ իմաստով։ Մենք պիտի մի բան գիտակցենք, որ որևէ որոշման իրավական լինելը չի բացառում դրա քաղաքական լինելը։ Երբ դուք որոշում եք կայացնում՝ ընտրությունների արդյունքերի վիճարկման վերաբերյալ, դա և քաղաքական, և իրավական որոշում է, դա քաղաքական հետևանքներ է առաջացնում նվազագույնը։
Լրագրող․ – Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը ՍԴ-ում է, նախնական ուսումնասիրության փուլում մինչև հուլիսի առաջին տասօրյակը։ Հետաձգվել է ժամկետը․․․Եթե դուք մինչ այդ ընտրվեք ՍԴ դատավոր, կարծում եմ ձեր նաև ձայնից է, չէ՞, կախված, թե ինչ որոշում կընդունեն։
– Ոչ։ Ես չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը։ Որևէ կարգավիճակով ես չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը։ Դա դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերից մեկի համապատասխանելիությունն է, ես չեմ կարող մասնակցել։ Ես մասնակցել եմ այդ գործին, և հիմա օրենքով չեմ կարող։ Ու ոչ միայն ես, այնտեղ էլի մարդիկ կան, որ չեն կարող։
Լրագրող․ – Իսկ, ձեր կարծիքով, դա պետք է մերժվեր․․․
– Դա պետք է մերժվեր, դա պետք է արդեն մերժված լիներ։ Նայեք՝ ըստ էության, ՍԴ ներկայացվել է մի դիմում, այս դեպքում դատավորի որոշումն է համարվում դիմում, ներկայացվել է մի դիմում, որը հիմա վիճարկման փուլում է։ Այսինքն՝ մի դիմում, որը վերջնական չէ։ Այսինքն՝ ցանկացած պահի այդ դիմումը կարող է վերացվել։ Օրինակ, եթե վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց այդ որոշումը, դիմումը վերացրած ա լինելու։ Եվ ՍԴ-ը, այս վերջին որոշումը որ կայացվել է՝ հետաձգել լրացուցիչ ուսումնասիրության, բոլորի համար պարզ է, որ այլ տարբերակ չգտնելով ձգձել է հիմա։ Ամեն դեպքում, պիտի մերժվեր գործը քննության ընդունելը։
Լրագրող․ – Ասում եք, որ նախորդ պարլամենտը, ըստ էության, քաղաքական քմահաճույթի պատճառով չընտրեց ձեզ։ Բա նախորդ երկու թեկնածունե՞րը նախագահի, որ այս խորհրդարանը մերժել է։
– «Քաղաքական քմահաճույքը» սխալ բառ է։ Քաղաքական որոշում է, որ ոչ մի կերպ պարսավելի չէ։ Քաղաքական որոշումներ են։ Ոչ մի սխալ բան չկա։ Տեսեք՝ ՍԴ դատավորի ընտրությունը որպես քաղաքական ընտրություն կանխորոշում է ոչ «Իմ քայլը», ոչ Հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ որևէ մեկը, քան այս պետության ժողովուրդը, որը ընդունել է Սահմանադրությունը։ Եվ սահմանադրությամբ շատ հստակ ընտրելու լիազորությունը վերապահված է Ազգային ժողովին։ Այնտեղ չափանիշները մի քանիսն են՝ մասնագիտական, բարոյական որակների համապատասխանելիություն և աշխատանքային ստաժ, բայց դրանից դուրս որոշումը կայացնում է Ազգային ժողովը՝ ⅗-ով։ Այսինքն՝ դա քաղաքական որոշում է, ամեն դեպքում։
Լրագրող․ – «Իմ քայլը» նրա համար, որ ճանաչում են ձեզ, ուզո՞ւմ են գործուղել ձեզ ՍԴ։ Ում վստահում են, նրա՞ն են գործուղում։
– Դուք պատասխանատու դիրքերը վստահում եք ձեր վստահված մարդկանց։ Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ։ Պետք չէ կտրատվել նրանից, որ․․․ Ուզում եմ այս հարցին անկեղծ պատասխանել, եկեք բոլոր ձևականությունները մի կողմ թողնենք։ Նայեք՝ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ, կներեք հարցը շատ կենցաղայնացնելու համար, խաշ-խորովածի ու քյաբաբների սեղանների շուրջ չեմ ծանոթացել։ Երբ ես իրենց հետ ծանոթացել եմ, իրենք որևէ պետական դիրք չեն ունեցել։ Բոլոր քաղաքական շրջանակները, ոչ միայն «Իմ քայլը»․․․Տարբեր, ես շատ մարդկանց հետ եմ աշխատել։ Ես այդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել․ ես եմ բանտում եղել, իրենք են զբաղվել, իրենք են բանտերում եղել՝ ես եմ զբաղվել այդ գործերով։ Եվ երբ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում էլ չի եղել։ Եվ իմ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես պրոֆեսիոնալ հողի վրա։ Ես փաստաբան եմ, իրենք լրագրողներ էին մի մասը, մի մասը՝ փաստաբաններ էին և այլն։ Այսպիսին է եղել։ Հիմա շատ նորմալ բան է, երբ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն։ Ես դրա համար ոչ մեկի չեմ կարող ծաղրել։ Հակառակն է անտրամաբանական։ Անտրամաբանականը այն է, երբ մարդը գալիս հայտնվում է՝ տեսեք, ոչ մեկդ ինձ չէիք ճանաչում, եկեք ինձ ընտրեք, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ դուք ճիշտ ընտրություն եք կատարել։ Այդպիսի բան չի լինում։ Բարձր դատարաններում դատավորների պաշտոններում նշանակումները տարբեր պետություններում, նույնիսկ մինչև այս կամ այն քաղաքական մարմնի ընտրությունն է տեղի ունենում, նա հրապարակում է, թե ում է բերելու իր հետ թափուր պաշտոնի համար, բարձր դատական պաշտոնի։ Տարբեր սխեմաներ կան դրա համար, և ոչ մի սխալ բան չկա։ Խնդիրն այն է, որ ընտրությունը պետք է լինի սահմանադրական ճանապարհով։ Սա է խնդիրը։ Մնացածը քաղաքական կոնսուլտացիաների, քաղաքական քննարկումների և քաղաքական հայեցողության շրջանակում պիտի տեղավորվի այդ սահմանադրական շրջանակների մեջ։