Home / Դատարան / Սաբոտա՞ժ, թե՞ հին սովորություն․ արդյոք Փաշինյանը դժգոհ է ուժայիններից

Սաբոտա՞ժ, թե՞ հին սովորություն․ արդյոք Փաշինյանը դժգոհ է ուժայիններից

Հայաստանյան իրավապաշտպանները մտահոգված են ուժայինների հնարավոր անգործությունից և փորձում են կռահել, արդյոք դա պետք է կապել իրենց կողմից արվող սաբոտաժի հետ, թե՞, այնուամենայնիվ, նրանք, հին սովորության համաձայն, վերևից հրահանգների են սպասում։

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության կոչեր հնչեցնողներին, որոնք նախկին կոռուպցիոն համակարգի ուղղակի կամ անուղղակի մաս էին կազմում։

Այն փաստը, որ Հայաստանում տարիներ շարունակ ոստիկանությունը, դատարանները, դատախազությունը կախված են եղել ուղիղ հրահանգներից, սովորեցրել է իրենց չգործել օրենքի շրջանակներում և սպասել հրահանգների, հունիսի 7-ին կայացած ասուլիսի ընթացքում ասել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը․

«Այսօր ևս այդ անգործությունը ցուցաբերվել է, որովհետև հրահանգները չկային։ Մեկ տարվա կտրվածքով մենք տեսնում ենք, որ ատելության կոչերը և արդեն բռնության հրահրումը շարունակվում է և արդեն խմբակային բնույթ է կրում։ Երբ տեղի է ունենում ֆիզիկական բռնություն, արդեն մենք տեսնում ենք՝ հանրային կշիռ ունեցող դեմքեր սկսում են հպարտանալ նրանով, որ, ասենք, իրենք են ծեծել։ Ֆլեշմոբերը բռնության շուրջ բավական լուրջ ազդակ են տալիս, որ հասարակության մեջ բռնության քարոզը հասել է լուրջ աստիճանի և դրան պետք է վերջ տալ։ Այստեղից արդեն նույն վարչապետի մոտ հասունացել է պահը, որ ինքը պետք է միջամտի էդ իրավիճակին»։ Ըստ Հովհաննիսյանի՝ չնայած նրան, որ բազմաթիվ հայտարարություններ են արվել բացահայտել նմանատիպ կոչերի հեղինակներին, շոշափելի արդյունք դեռևս չկա։

Կարելի՞ է արդյոք Փաշինյանի հայտարարությունը դիտարկել ուժային կառույցներից դժգոհության տեսանկյունից։ Հովհաննիսյանը կարծում է, որ դեռ պետք է պարզել, արդյոք կառույցների անգործությունն սաբոտաժ է իշխանությունների դեմ, թե՞ պարզապես չեն կողմնորոշվում՝ ինչպես աշխատել, եթե չկա հրահանգ վերևից։

«Երկուսն էլ շատ վատ է, որովհետև առաջին իսկ պահից Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարմիններն այլևս պետք է գործեն օրենքի շրջանակներում և կատարեն իրենց գործառույթներն առանց վերևից հնչած հրամանների։ Ու հիմա ստացվում է էնպես, որ այնքան չեն կատարում, որ պարտադիր է լինում վերևից ու կառավարության նիստում հրաման հնչեցնել, հանրայնորեն հնչեցնել, որպեսզի հանրությունը տեսնի, որ համակարգը բրգաձև է, մինչև վերևից հրահանգ չի հնչում, որևէ մեկը չի աշխատում, և դա նորից կասկածներ է մտցնում հեղափոխության արդյունքների հետ կապված․ մենք չունենք Սահմանադրության փոփոխություն, որ ամբողջովին վարչապետի ներքո չգործի համակարգը, չունենք իրավապահ մարմինների և դատարանների անկախություն»։

Իր ելույթի ընթացքում Փաշինյանը նաև ասել էր․ «Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել, և այս ասելիքը, հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի լկտի պահվածքով։ Նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան վառ ծաղիկներով կապել և ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»:

Նման հայտարարություն անելու համար վարչապետը պետք է ունենար հազար տոկոսանոց ստուգված ինֆիրմացիա, կարծում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը․ «Եթե այն ստուգվել էր, ուրեմն իրավապահ մարմինները պատրավոր էին արձագանքել։ Էդ շոուները սարքել կառավարության նիստի ժամանակ՝ սևաշոր, կարմիր բաբչկա․․․ Էդ շոուները պետք է թարգել, ժողովուրդ։ Սա անհանգստություն է մտցնում հասարակության մեջ։ Ի՞նչ է նշանակում՝ կառավարության նիստի ժամանակ, պետական լուրջ հարցերը թողած, նստում են, զբաղվում են մեկ-երկու կառույցի հարցերով»։

Իրավապաշտպանի խոսքով՝ լուրջ կասկածներ ունի՝ կապված նրա հետ, թե ում են ծառայում ոստիկանությունն ու ԱԱԾ֊ն, եթե ցասյօր հիշատակված հարցերը լուծված չեն։

«Հիմա եթե կան խմբեր, որոնք կազմակերպված են, որոնք, պարզ է, որ սևազգեստ են, որոնք, պարզ է, ինչ֊որ գործողություններ պետք է անեն, դրանց պետք է անհապաղ, սուսուփուս արձագանքեին իրավապահ մարմինները։ Եթե չի զբաղվում ԱԱԾ֊ն, բարի ճանապարհ ԱԱԾ֊ի ղեկավարին, եթե չի զբաղվում ոստիկանապետը, կապ չունի՝ ում մասին է խոսքը, բարի ճանապարհ ոստիկանապետին», – հավելել է Կարապետյանցը։

Իսկ Փաշինյանի կողմից հիշատակված սևազգեստ մարդիկ նախկինում ևս եղել են, ասել է նա, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ․ գոյություն են ունեցել ոչ ֆորմալ խմբեր, որոնք հավաքվել, ինչպես նաև զինվել են տարատեսակ հարցեր լուծելու համար․ «Եթե հիշեք, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ ոնց են էդ սևազգեստ կամ գունավոր բաբչկաներով մարդիկ անցնում, տաբլետկաներ կուլ տալիս ու հետո ինչ ջարդ են կազմակերպել Սարի Թաղում, Էլեկտրիկ֊Երևանի ժամանակ՝ առանց տարբերանշանների ոնց էին ջարդում֊փշրում մարդկանց։ Ու էլի մի դեպք է եղել․․․ Զգուշացնեմ էդ սևազգեստներին, որ մեր կազմակերպությունը գտնվում է Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, և մենք ստիպված ենք լինում մասնակից լինել բոլոր աժիոտաժներին, հեղափոխություններին։ Ուրեմն, հեղափոխության օրերը դեռ նոր էին սկսվել, Փաշինյանը ժողովրդին տանում էր, պտտվում էին քաղաքով, գալիս էին Բաղրամյան փողոց՝ մինչև փշալարերը, դմփ-դմփ-հու էին անում ու հետ գնում։ Նկատեցինք, որ անառողջ, ոչ ստանդարտ ձայներ են գալիս, դուրս եկանք գործընկերներիս հետ ու տեսանք, որ մեծ արագությամբ մեքենաներ են գալիս դեպի փշալարերը, պտտվում, ինչ-ոչ բաներ շպրտում ոստիկանության ուղղությամբ, նույն այդ ժամանակ կանգնած են, այո, սևազգեստ և սև կեպկաներով երիտասարդներ տարբեր խմբերով՝ երեք-չորս հոգի, այնտեղ, որտեղ ամենաքիչ լուսավորությունը կար։ Եվ նրանք պատրաստվում էին հարձակում կազմակերպել, ստեղծել են հատուկ այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը պտտվելուց հետո, երբ հասներ փշալարերին, հիմք ստեղծվեր՝ ջարդելու էդ ժողովրդին։ Կան էդ մարդկանց լուսանկարները, մեքենաները, կա էն մարդն, ով փաստացի կառավարում էր էդ մարդկանց։ Ինքն ինձ շատ լավ ճանաչում է, ես հիմա անունը չեմ տա, որովհետև չեմ վստահում այսօրվա իրավապահ մարմիններին։ Որովհետև եթե կառավարության նիստի ժամանակ է նման հայտարարություն արվում, նշանակում է, որ էս իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն։ Կարող ենք հրապարակել, երբ ժամանակը գա ու վստահություն լինի»։

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանի խոսքով՝ գործ ունենք վիրտուալ տիրույթում ատելության քարոզի և դրա հետևանքով որոշակի գործողությունների․ «Ընդ որում, մենք ատելության խոսքի սահմանափակման տեսանկյունից այնքան անկատար օրենսդրություն ունենք, որ ատելության խոսք տարածողը գրեթե մնում է անպատիժ։ Եթե ինչ֊որ մեկը գնաց, կոնկրետ գործողություն արեց, նա կարող է պատժվի»։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, նա կարծում է, որ գործողություն գոյություն ուներ, սակայն նաև շոու էր պետք։

«Ցավոք սրտի, բռնությունը մեր հասարակության մշակույթի մեջ շատ ընդունված երևույթ է։ Ընդ որում, կապ չունի՝ հեղափոխական, թե հակահեղափոխական․․․ Երկու կողմն էլ։ Նիկոլ Փաշինյանի շատ սատարողներ, չեմ խոսում իրավապաշտպան խավի մասին, իրենք էլ են կողմնակից, և էդ ծաղկավոր բաբչկա հագցնելը․․․ «Սևազգեստ մարդ» ասելով, մենք մշակութային ինչ֊որ բան նկատի ունենք, անպայման չի սև գույնի շոր հագած լինեն։ Եվ իրենց ծաղկավոր բաբչկա հագցնելն էլի իրենց ենթամշակույթին հարված հասցնել է՝ փոխաբերական իմաստով։

Նման բաներին պետք է դիմեն էն մարդիկ, որոնք իրենց քաղաքական օրակարգը ձախողել են։ Օրինակ՝ նախորդ իշխանությունը։ Իրենք կարող են դիմել ատելության մեսիջներին, բայց ոչ վարչապետը», – ասել է Հովհաննես Մադոյանը։