Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը համոզված է՝ ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը քրեկանացնող օրինագիծը պարզապես ոչնչացնելու համար Թուրքիան վերջին մեկ տարվա ընթացքում ծախսել է մոտավորապես 100 միլիոն դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ինքը՝ Վարժապետյանը:
«Թուրքիայի այս քայլերի դեմ այս պարագայում համապատասխան քայլեր են ակնկալվում մեր պետության կողմից, որովհետև Թուրքիան իր ամբողջ ծանրությունը դրել է հայկական սփյուռքը, հատկապես եվրոպական մասում բնակվող, չակերտավոր ասված, ոչնչացնելուն: Նրանք փորձելու են ամեն բան՝ քաղաքականապես այդ ոչնչացումը կազմակերպելու համար», – ասել է գրասենյակի տնօրենը:
Վարժապետյանի խոսքով՝ այսօր այս մասով Ֆրանսիան բաժանված է հայամետների ու թուրքամետների:
«Ֆրանսիացի ժողովրդի 80 տոկոսը, բարեբախտաբար, պրոհայ է, բայց քաղաքական, մտավորական և ԶԼՄ-ների և մակարդակով Ֆրանսիան բաժանված է երկու մասի, ու դա հաստատ է», – ասել է նա:
Վարժապետյանի հավաստմամբ՝ Հայաստանի` հաջողության հասնելու գրավականը Ֆրանսիայի հայ համայնքի միասնականության ու համոզվածության մեջ է:
«Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը քրեկանացնող օրինագծի տեքստը չպետք է արագ-արագ պատրաստվի, ինչպես եղավ այս անգամ, իրավական պահպանություն պիտի ունենա այն, պետք է ներկայացվի արագորեն, ոչ թե մանդատի վերջին օրերին, որպեսզի հաջողության ենթարկվի: Նպատակը մեկն է, որ Թուրքիան չկարողանա ապահովել սենատորների թիվը, որ ունեցավ այս անգամ դեմ քվեարկելիս: Պետք չէր այս օրինագիծն այսքան արագ ներկայացնել, այն էլ՝ վերջին պահին, երբ Ֆրանսիայում ընտրական հաշիվներ կային», – ասել է հանդիպման մեկ այլ մասնակից՝ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Մուրադ փափազյանը և հավելել, որ թե Սարկոզիի, թե Օլանդի (նախագահի թեկնածու – Epress.am) կողմից կա այն երաշխիքը, որ հաջորդ անգամ՝ ընտրություններիվց հետո հաջողության բոլոր պայմանները ապահովվելու են:
«Թե ինչու Սարկոզին չստորագրեց, չեմ ուզում մեկնաբանել՝ ուղղակի չարեց: Արդեն ունենք Սարկոզիի այն փորձառությունը, որ խոստումը չարեց, իսկ Օլանդը խոստացել էր ու կես ճանապարհն արեց, բայց մյուս կեսը նրա ձեռքում չէր: Օլանդի հետ պետք է ունենանք այն կապերը, ինչը չունեինք Սարկոզիի հետ, որպեսզի պարտադրեինք տեր կանգնել խոստմանը: 15 տարի է, որ Օլանդի հետ այդ կապերն ունենք, իսկ տեր կկանգնի նա իր խոստմանը, ցույց կտա ապագան: Այս դեպքում հույսն ավելի մեծ է», – ասել է Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչն ու նշել, որ, փաստորեն, Սարկոզիի բերած փաստերը չհամապատասխանեցին իրականությանը: