Home / Տեսանյութեր / Ադրբեջանում ոստիկանները թույլ չէին տալիս մարդկանց օգնել ծեծի ենթարկված լրագրողին

Ադրբեջանում ոստիկանները թույլ չէին տալիս մարդկանց օգնել ծեծի ենթարկված լրագրողին

Ապրիլի 18-ին Բաքվում դաժան ծեծի է ենթարկվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից, «Այնա» պարբերականի լրագրող Իդրաք Աբասովը: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի բնակելի Սուլութեփե թաղամասում: Լրագրողն այստեղ նկարահանում էր տեղի բնակիչների և պետական SOCAR նավթային ընկերության անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցող բախումը: SOCAR-ի աշխատակիցները քանդում էին մարդկանց տները, որոնք, ըստ նրանց, ապօրինաբար են կառուցվել: SOCAR-ը հայտարարում է, որ այս տարածքները գրանցված են նավթային ընկերության հաշվեկշռին:

«SOCAR-ի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ հարձակվել են Իդրաքի վրա, խլել նրա տեսախցիկը, գետնին տապալել և ոտքերով հարվածել: Նա ամբողջությամբ արյան մեջ էր, գլուխը կոտրված է, մի աչքն ամբողջությամբ փակվել է: Ես նետվեցի, և ինձանով փակեցի Իդրաքին, նրանք ինձ վրա էլ հարձակվեցին և սկսեցին խփել»,- պատմել է տուժածի եղբայր Ռոման Աբասովը: Աբասովի խոսքով` ոստիկանությունը թույլ չէր տալիս բնակիչներին օգնություն ցուցաբերել լրագրողին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Աբասովի դեմ իրագործված բռնությունը` հայտարարելով, որ այս միջադեպը կարող էր և չլինել եթե պետությունը զբաղվեր այս ընտանիքի հանդեպ մշտապես իրագործվող հետապնդումների փաստերի բացահայտմամբ:

Իդրաք Աբասովն ու նրա ընտանիքը արդեն մի քանի ամիս շարունակ մշտական հետապնդումների թիրախ են: «Գրաքննության ցուցիչ» կազմակերպությունը վերջերս մրցանակ շնորհից նրան Սուլութեփում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու հարցում ցուցաբերած համառության համար:

Հատկանշական է, որ այս միջադեպի նախօրեին նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել էր միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի հասցեին մշտապես հնչող քննադատությունները:

«Մենք ժողովրդավարություն, խոսքի և խղճի ազատություն, ինչպես նաև հանրահավաքների ազատություն ունենք»,-ասել էր նախագահը:

Ինչպես հայտնում է ԶԼՄ-ների իրավունքների Ինստիտուտը, 2011 թվականի ընթացքում 72 լրագրողներ ֆիզիկական և հոգեբանական ճնշման են ենթարկվել: 2012 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում արդեն ավելի քան 30 նման դեպք է գրանցվել:

ԶԼՄ-ների իրավունքների Ինստիտուտը նշում է նաև, որ իշխանությունները չեն հետաքննում այս դեպքերը, թեև լրագրողի դեմ իրագործված բռնությունը քրեական պատասխանատվություն է ենթադրում: