Home / Հայաստան / ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի, այլ ուժերը պայքարում են մինչև 10% քվեների համար. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի, այլ ուժերը պայքարում են մինչև 10% քվեների համար. Գալուստ Սահակյան

Սնանկ է այն գաղափարախոսոթյունը, որը ժողովրդին կաշառակեր է համարում, քանի որ ժողովուրդն ավելի լուրջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու տեղեկությունները:

«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի  հանրահավաքներին զոռով ուսուցիչների տանելուն` լրիվ սուտ է: Մարդիկ գալիս են նախագահին տեսնելու, և   գիտեն, որ հետո նաև համերգ է լինելու: Հիմա էն ժամանակները չեն, որ մեկին ստիպես  հանրահավաք գնա», – ասել է Սահակյանը:

Նա հավելել է, որ ՀՀԿ-ն չպետք է ուշադրություն դարձնի այս «անտիփիառ»-ին և մեղավորներին պատժի կամ զրպատության համար մեղադրանքներ ներկայացնի նման դեպքերի մասին գրող ԶԼՄ-ներին:

Պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն մերժում ՀԱԿ անդամների բանավեճի առաջարկները` Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ բանավիճելու համար երկու ուժերը պետք է հակակշռեն միմյանց, իսկ ներկա դրությամբ իրար հակակշռում են  ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, իսկ մնացած քաղաքական ուժերը հավակնում են մինչև 10% քվե ստանալ, ուստի իրար հետ պետք է բանավիճեն:

«ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ չի գնում խոստումների ճանապարհով, այլ հաշվետվություն է տալիս արածների համար, ՀՀԿ-ն միակն է, ով ամբողջովին  ինտեգրված է հասարակության մեջ», – համոզմունք է հայտնել Գալուստ Սահակյանը:

Բանախոսը քննադատել է նաև ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ստեղծած միասնական շտաբը` կարծիք հայտնելով, որ դա ուղղակի իմիտացիա է, և նման կառույցն իրավունք չուներ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի պատգամավորները դիմել են ՍԴ և պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: