Սկանդալային «Ընդդիմության անատոմիա» ֆիլմից հետո ռուսաստանյան ընդդիմության համար պետական քարոզչության և գրաքննության խորհրդանիշ դարձած НТВ հեռուստաալիքը լքել է լրագրողԿոնստանտին Սմիրնովը: The New Times ամսագրի հետ զրույցում լրագրողը պատմել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ղեկավարությունը պահանջել է իրենից Չիստիե Պրուդիի մոտ հավաքված ընդդիմադիր ճամբարին վարկաբեկող նյութ նկարահանել:
24-ամյա Սմիրնովը, ով հասցրել էր ընդամենը 8 ամիս աշխատել НТВ-ում, մայիսի 8-ին նկարահանող խմբի հետ Չիստիե Պրուդի է գնացել, որտեղ կեսժամանոց հարցազրույց է նկարահանել ընդդիմադիր ակտիվիստ, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի հետ: Դրանից հետո լրագրողին զանգահարել է գործընկերներից մեկը և առաջարկել կիսվել նյութերով նոր հեղինակազրկող ֆիլմի համար, որը ոչ պաշտոնապես արդեն անվանում են «Ընդդիմության անատոմիա 2»:
Լրագրողի խոսքով` իրեն դուր չի եկել տվյալ առաջարկը և նա իր ձայնագրությունը չի փոխանցել հեռուստաալիքին: Իսկ մայիսի 13-ի գիշերը նրան զանգահարել է «Արտակարգ պատահար» հաղորդման ղեկավարությունը, որտեղ նա աշխատում է, և առաջադրանք է տվել. «Գնա Չիստիե Պրուդի և նկարի` ինչպես են էդ դեբիլները հետ տալիս»:
«Շտապողական վիճակ էր. նյութերի անհրաժեշտ ծավալ էր պետք, որը չկար, և փորձում էին գոնե ինչ-որ բան գտնել: Չիստիե պրուդիում լիքը ուղարկված քյարթեր կային, համապատասպան նյութ նկարելը խնդիր չէր: Բայց չեմ ուզում խղճիս հետ գործարքի գնամ և որոշել եմ ինձ համար, որ չեմ կատարելու այդ առաջադրանքները»,- պատմել է Սմիրնովը: