Հայտնի իրավապաշտպան Մանալ Շարիֆը կոչ է արել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալային թույլ տալ կանանց մեքենա վարել: Թագավորությունում գործող օրենքի համաձայն՝ կանանց արգելվում է մեքենայի ղեկին նստել:
Շարիֆն առաջարկում է թույլ տալ մեքենա վարել այն կանանց, ովքեր վարորդական իրավունք են ստացել արտասահմանում:
Իրավապաշտպանը նշել է, որ կանանց հանդեպ կիրառվող այս արգելքը նախապաշարմունք է, որը, ըստ նրա, չի կարող աստվածահաճո լինել: Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել թագավոր Աբդալայից կանանց վերաբերող մի շարք առաջադիմական փոփոխություններ կատարելու համար:
Ավելի վաղ Շարիֆը համարձակվել էր մեքենա վարել Սաուդյան Արաբիայում: Արդյունքում նա ձերբակալվել էր և մի քանի օր բանտում անցկացրել: Նրա ձերբակալությունից հետո աշխարհի մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվել: