ԱՄՆ-ն չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից և նախկինի պես բոլոր մակարդակներով պնդում է, որ դրանք վավերացվեն և կատարվեն: Այս մասին «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Թուրքիայի առաջնորդներին մեր ուղերձն այն է, որ արձանագրությունները վավերացվեն և իրականացվեն այնպես, ինչպպես ստորագրվել են` առանց նախապայմանների: Դա մեր հիմնական խնդիրն է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հրացում», – Ջոն Հեֆֆերնի խոսքերն է փոխանցում News.am-ը:
Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հստակ և հրապարակային հայտարարել էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է:
«Մենք ողջունեցինք փաստը, որ երկու առաջնորդները հավանության արժանացրեցին փաստաթղթերը, երբ նրանք ստորագրվեցին: Եվ ոչ մի կողմը հետ չի կանչել փաստաթղթերը, դրանք գտնվում են երկու երկրների խորհրդարանների քննարկման դաշտում: Դա կարևոր է:
Մենք պայքարում ենք հանուն հաշտեցման երեք մակարդակով: Առաջինը` արձանագրությունները պետք է վավերացվեն և կատարվեն առանց նախապայմանների: Երկրորդ` մենք Անկարային խրախուսում ենք և մղում ենք տնտեսական լուրջ քայլերի: Դրա տակ ես նկատի ունեմ, օրինակ, Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, որը օգտակար կլինի նաև Արևելյան Թուրքիայի համար: Եվս մեկ օրինակ է օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը: Հայկական և թուրքական ընկերությունները բանակցում են Թուրքիայից Հայաստան մալուխ անցկացնելու համար: Եվ վերջապես` երրորդ կետը մարդկանց միջև շփումներն են: Կարևոր է կոտրել երկու երկրների և ժողովուրդների միջև անվստահությունը և ստեղծել մթնոլորտ, որի դեպքում հաշտեցումը հնարավոր կլինի»,- ասել է Ջոն Հեֆֆերնը: