Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետևանքով սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հայրը՝ Գառնիկ Ավետյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ չի հավատում, որ իր որդու գործով արդար քննություն կկայանա և մեղավորները կպատժվեն:
«Հայկական ժամանակը» նշում է, որ զրույցը կարճ է տևել, և Գառնիկ Ավետյանը ընդամենը մի քանի հարցի է պատասխանել, քանի որ հուզված է եղել ու չի կարողացել երկար խոսել: Նա հերքել է սոցիալական ցանցերում տարածված այն զրույցները, թե ցանկանում է Վահե Ավետյանի երեխաներին երկրից տանել:
«Ես տղայիս գերեզման ունեմ այստեղ», – նշել է Գառնիկ Ավետյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ավետյանը դիմի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ վերջինս իր վերահսկողության տակ առնի գործը, բժշկի հայրը ասել է, որ չի դիմելու, նախագահը տեղյակ է, եթե ցանկանար, դա կաներ:
Ավետյանը նաև համաձայնել է տուժած կողմի փաստաբանների այն կարծիքի հետ, թե «Հարսնաքար» համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը ձևական բնույթ է կրել: Նա ընդգծել է, որ նախաքննության ընթացքն իրեն չի բավարարում, որովհետև նախաքննությունն ավարտված է, բայց մեղավորներ չկան: Գառնիկ Ավետյանը նաև նշել է, որ իրեն բոլորվին չի հետաքրքրում, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը, թե ոչ:
«ՀԺ»-ի թղթակիցը զրուցել է նաև ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Համլետ Մատինյանի հետ, ով ավանցի մի խումբ մտավորականների հետ դիմել էր Ռուբեն Հայրապետյանին՝ կոչ անելով վայր չդնել պատգամավորական մանդատը:
Նկարիչը բացատրել է իր քայլի դրդապատճառները. «Գիտե՞ք, որ ԱՊՀ տարածքում ամենալավը մեր ֆուտբոլի ակադեմիայի տարածքն է, Միշել Պլատինին է փողը տվել, էդ մարդը ՀՖՖ նախագահ է, կարողացել է անձնական հարաբերություններով անել: Տենց ֆուտբոլի ակադեմիա չկա, երեխաները սովորում են, դրա մասին չի խոսվում, ռեստորանում դեպք է եղել, շատ վատ բան է եղել, բայց էդ մարդը կարողանում է դրսից փող բերի: Որ մի հատ չուլ լիներ ՀՖՖ նախագահը, էդ փողը տաներ իրա տուն, ավելի ճիշտ կլինե՞ր », – ասել է Մատինյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Վիկտոր Դալլաքյանի հարազատ եղբայրն է:
Օրաթերթի հետ զրույցում Վահե Ավետյանի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է, որ միջնորդել է գործում որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապատյանին, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել: