Home / Հայաստան / «Ա1+»-ը վերադառնում է եթեր, բայց «առնել-ծախելու մասին խոսք չկա»

«Ա1+»-ը վերադառնում է եթեր, բայց «առնել-ծախելու մասին խոսք չկա»

Սեպտեմբերի 10-ից «Ա1+» հեռուստաընկերությունը, որը եթերազրկվել էր 2002 թվականին, հեռուստաեթեր է վերադառնում: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը: Նա նշել է, որ համագործակցության նախաձեռնությունը «ԱրմՆյուզինն» է:

Ալեքսանյանի խոսքով՝ «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական հաղորդումը յուրաքանչյուր աշխատանքային օր երեկոյան 21:00-ին 20-րոպեի ընթացքում կհեռարձակվի «ԱրմՆյուզով»:

Ասուլիսի մասնակից, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նշել է, որ իրենք համաձայնել են համագործակցել «ԱրմՆյուզի» հետ, քանի որ խմբագրական քաղաքականության առումով իրենց առջև պայմաններ չեն դրվել: Մովսեսյանի խոսքով՝ լուրերի թողարկման ընթացքում մեծ տեղ է տրվելու մշակույթին, որը, իր կարծիքով, Հայաստանում անտեսված է:

Մովսեսյանը նշել է, որ Արտակ Ալեքսանյանն իր թշնամին չէ, ընդհակառակը, վերջին շրջանում սկսել են ընկերություն անել: Այնուամենայնիվ, նա հիշեցրել է, որ ՀՌԱՀ-ի դեմ ներկայացված դատական հայցը ընթացքի մեջ է, և այդ հայցում որպես երրորդ կողմ ներգրավված է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ 2002 թվականին «Ա1+»-ը եթերազրկվել էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը ոչ լոյալ լինելու պատճառով: ՀՌԱՀ-ը 2010 թվականի դեկտեմբերի 16-ին «Ա1+» հեռուստատեսությանը հեռարձակման արտոնագիր չի տրամադրել՝ մրցույթում հաղթող ճանաչելով «ԱրմՆյուզին», որի հետևանքով «Ա1+»-ը բողոք է ներկայացրել: Նշենք, որ «Արմնյուզը» մտնում է հոլդինգի մեջ, որը վերահսկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից:

«Ես չէի ցանկանա, որպեսզի աշխատանքը և իրավունքների պաշտպանությունը խառնվեր: «Արմնյուզը» մեզ պատվեր է տվել, որը մեր կողմից սիրով կատարվում է»,-նշել է Մովսեսյանը՝ հավելելով, որ դա նորմալ վիճակ է:

Նա նաև նշել է, որ «Ա1+»-ին «կուլ տալու, առնել-ծախելու մասին խոսք չկա»:

«Ես էնքան էլ փոքր չեմ, որ ինձ կուլ տան, դեռ մի բան էլ փշոտ եմ», – ասել է «Ա1+»-ի տնօրենը: