2010 թվականից կրթության ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն ծրագիրն արդեն իրականացվել է 75 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մասնագիտական և նախնական մասնագիտական կրթության հաստատություններում վերացրել ենք ընդունելության քննությունները, և այս երկու տարիների ընթացքում դրանց վերացումը քոլեջների և ուսումնարանների ընդունելության գործընթացում բերել են նրան, որ առավել անարգել և մեծ թվով երիտասարդներ են սկսել ընտրել մասնագիտական կրթության նման տարբերակը: Կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերն այնտեղ: Հարցազրույցը պահպանվել է միայն նեղ մասնագիտական մասնագիտություններով ուսումնարաններ կամ քոլեջներ ընդունվելու դեպքում: Մնացած բոլոր տեղերում երեխան ատեստատի միջին բալով կարողանում է մանսկացել մրցույթին և ընդունվում է առանց լրացուցիչ քննության», – ասել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշել է, որ չի պնդում, թե ոլորտում ամբողջությամբ վերացրել է կոռուպցիան, սակայն կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ փոփոխություների արդյունքում այս տարվա բուհական ընդունելության քննություներն անցան աննախադեպ օբյեկտիվության, թափանցիկության և կոռուպցիոն նվազագույն ռիսկերով:
Դպրոցներում ծնողների կողմից կատարվող դրամահավաքները, որոնք աջակցում են դպրոցին, Աշոտյանը կոռուպցիա չի համարում, իսկ եթե այդ միջոցները ուղղված են կոնկրետ ուսուցչին կամ տնօրենին տրամադրելուն, ապա այդտեղ, ըստ ՀՀԿ-ական նախարարի, կա կոռուպցիա:
Ինչ վերաբերում է բուհերում դասախոսներին կաշառելուն, ապա Աշոտյանը կոչ է արել ուսանողներին, որպեսզի իրենք պայքարեն որակյալ ուսում ստանալու համար, և քննությունը հեշտությամբ ստանալու համար գումարներ չտան:
Բանախոսը կոչով դիմել է նաև ուսանողների ծնողներին՝ խնդրելով նրանց տվյալ հարցում կանգնել նախարարության կողքին և արմատախիլ անել այդ երևույթը:
«Կոռուպցիայի խնդիրը միայն նախարարության խնդիրը չէ», – ասել է Աշոտյանը: