«Բոլորն ինձ հանդիպման հերոս են անվանում, բայց ես ինձ հերոս չեմ զգում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ «Շախտյոր»-«Նորդշյելանդ» հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը:
«Հերոս կարելի է անվանել մեր ողջ թիմին: Այսօր մենք բոլորս միասին արդյունքի համար էինք աշխատում, ջանք էինք գործադրում: Շատ կարևոր է այն, որ Չեմպիոնների Լիգայում մենք մեր առաջին հաղթանակը տարանք: Այս հարցում մեզ շատ օգնեց առաջին խաղակեսի ավարտին խփված գոլը:
Երկրորդ գոլի ժամանակ ես չէի կարծում, որ հենց ինձ կհաջողվի գնդակը ուղարկել հակառակորդի դարպասը: Ես պատրաստվում էի փոխանցում կատարել Մարկո Դևիչին, որպեսզի նա հարվածի դատարկ դարպասներին, բայց արդյունքում փոխանցումը չստացվեց, փոխարենը գնդակը պաշտպանի ոտքից դեպի ինձ անդրադարձավ, և ես մեկ հպումով երկրորդ գոլը խփեցի: Միրչա Լուչեսկուն ինձ ազատության որոշակի իրավունք է տալիս դաշտում, արդյունքում, ես հաճույքով միանում եմ հարձակումներին: Կարող եմ և հարվածել, և փոխանցել, մի խոսքով, անում եմ ամեն ինչ, որ թիմը հաղթի»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: