Բաքուն չեղյալ է համարել ռուսաստանցի փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովի՝ նոյեմբերի 8-ին Baku Crystall Hall-ում ծրագրված համերգը, սակայն երգիչը հույս ունի, որ կազմակերպիչները կփոխեն իրենց որոշումը և թույլ կտան նրան ելույթ ունենալ Ադրբեջանի մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կիրկորովի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեևային:
«Կարող եմ հաստատել Բաքվում համերգը չեղյալ հայտարարելու փաստը: Պաշտոնապես կազմակերպիչները հայտնել են, որ պատճառները տեխնիկական են, բայց մենք հասկանում ենք, որ Baku Crystall Hall-ի դահլիճը, որտեղ տեղի է ունեցել «Եվրատեսիլը», որտեղ հանդես են եկել համաշխարհային աստղեր, օրինակ, Ջենիֆեր Լոպեսը, որևէ տեխնիկական թերություն ունենալ չի կարող: Այնպես որ, մնում է ենթադրել, թե իրականում ինչ պատճառներ են թաքնված այդ մերժման տակ», – ասել է Ալեքսեևան:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ համերգը չեղյալ հայտարարելու պատճառն այն է, որ կազմակերպիչներին դուր չի եկել այն, որ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, օգնում է 13-ամյա հայաստանցի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Կիրկորովի մամուլի քարտուղարն այդ վարկածը չի բացառել: