Home / Տեսանյութեր / ՀՅԴ-ն կարող է չմասնակցել ընտրություններին, հնարավոր է համարում չեզոք թեկնածուի առաջադրումը

ՀՅԴ-ն կարող է չմասնակցել ընտրություններին, հնարավոր է համարում չեզոք թեկնածուի առաջադրումը

Շատ հնարավոր է, որ ՀՅԴ-ն չմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա նշել է, որ դեկտեմբերին կկայանա կուսակցության Գերագույն մարմնի ժողովը, որի ընթացքում գնահատականների ուսումնասիրության հիման վրա Դաշնակցությունը կկայացնի իր որոշումը:

Ռուստամյանն ասել է, որ իրենք տեղյակ են, թե քաղաքացիների 80-ը  չեն հավատում, որ ընտրությունների միջոցով կարելի է որևէ բան փոխել, այդ իսկ պատճառով կարևոր է համարել ընդդիմադիր դաշտի համախմբումը:

«Պետք է ամեն ինչ անել, մարդկանց հասկացնել, համոզել, որ պետք չէ 10 հազար դրամի գերին դառնալ ընտրությունների ժամանակ, պետք է զսպել այդ ցանկությունը՝ չվերցնել այդ գումարը և կունենանք բոլորի համար ցանկալի Հայաստան», – ասել է ՀՅԴ-ականը:

Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ն թեկնածու առաջադրելու խնդիր չունի, բայց նա նշել է, որ եթե միասնական ընդդիմադիր թեկնածուի հարց առաջանա, ապա յուրաքանչյուր ուժ կարող է ասել, որ իրենց թեկնածուն ամենալավն է, այդ իսկ պատճառով խնդիրը պետք է տեղափոխել այլ հարթություն:

Նրա խոսքով՝ հնարավոր է գտնել մի չեզոք թեկնածուի, որը պարտադիր չէ, որ ներկայացնի քաղաքական կուսակցություն: Այնուամենայնիվ, Ռուստամյանը անուններ չի հնչեցրել: