Home / Հայաստան / Սոցիալական քաղաքականություն, տնտեսական աճ. վարչապետը ներկայացնում է 2013-ի բյուջեն

Սոցիալական քաղաքականություն, տնտեսական աճ. վարչապետը ներկայացնում է 2013-ի բյուջեն

Այսօր 11:00-ից Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է ներկայացնել 2013 թվականի պետական բյուջեի օրենքի նախագիծը:

Վարչապետը նշել է այն կարևոր ոլորտները, որոնք գործադիրը թիրախավորելու է 2013-ի պետբյուջեով, մասնավորապես, սոցիալական քաղաքականությունը, որտեղ ՀՀ կառավարությունը արմատական փոփոխություններ է առաջարկում:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 2013 թվականին կառավարությունը մտադիր է սոցիալապես խոցելի խավերի համար աշխատելու հնարավորություն ստեղծել, ուշադրության կենտրոնում է պահելու զոհված ազատամարտիկների ընտանիքների խնդիրները:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նոր պետբյուջեով նաև նախատեսված է սոցիալական փաթեթներից օգտվողների թվի ավելացումը 30 հազար մարդով:

Գործադիր մարմնի այլ կարևոր թիրախներից են գյուղատնտեսական աճի պահպանումը, դատական պրակտիկայի կատարելագործումը, բիզնես միջավայրի բարելավումը, մաքսային ոլորտի կատարելագործումը, այդ ոլորտի՝ Եվրոպական միության կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանեցումը:

Սարգսյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը նաև թիրախավորում է 6,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը և ամեն ինչ պետք է անի բացասական ռիսկերը նվազեցնելու համար: