ՀՀ մարդահամարի նախնական տվյալներով` Հայաստանում բնակչության թվաքանակի ցուցանիշն ըստ հաշվառման պահի նվազել է 130 823-ով, իսկ մշտական բնակչությանը` 194 157 մարդով: Առկա բնակչության թվաքանակը կազմել է 2 871 771 մարդ, նախորդ մարդահամարի` 2001թ.-ին արձանագրված 3 002 594-ի դիմաց, մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 018 854 մարդ, 2001-ի մարդահամարի` 3 213 011-ի դիմաց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Համաձայն նույն վիճակագրության տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության 36.7%-ը կազմում է գյուղական բնակչությունը, 63.3%-ը` քաղաքի, որի գերակշիռ մասը` 55.5%-ը, բաժին է ընկնում Երևանին:
Միևնույն ժամանակ, քաղաքի բնակչության թվաքանակի ցուցանիշը 2001 թվականի համեմատ նվազել է 154 866 մարդով, կամ 7.5%-ով, իսկ գյուղական բնակչությանը` 39 291-ով, կամ 3.4%-ով: